Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնը մայիսի 14-ի երեկոյան կբացվի ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ, որում Գրեյս Քելլի դերը կատարել է Նիքոլ Քիդմանը:

 

Ֆիլմը պատմում է ամերիկացի նշանավոր դերասանուհու՝ Օսկար մրցանակի դափնեկիր Գրեյս Քելլի կյանքի մասին, որը ամուսնացել է Մոնակոյի Ռենյե III իշխանի հետ և արքայադստեր տիտղոսը նախընտրել է հոլիվուդյան աստղի կարգավիճակից:

 

Կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառվել է 18 ժապավեն, որոնց թվում են՝ Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին», Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան»-ը, Ժան Պիեռի և Լյուկ Դարդենովի «Երկու օր, մեկ գիշեր»-ը, Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզ»-ը, Ժան Լյուկ Գոդարի «Բառե՛ր, մնաք բարով»-ը, Թոմի Լի Ջոնսի «Տեղացին» և ուրիշներ:

 

Հիմնական մրցույթի ժյուրիի կազմում, որը գլխավորել է նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը, ընդգրկվել են ֆրանսիացի դերասանուհի Կարոլ Բուկեն, ամերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն, մեքսիկացի դերասան Գայել Քարսիա Բեռնալը, հարավկորեացի դերասանուհի Չոն Դո Ենը, իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին, ամերիկացի ռեժիսոր Սոֆյա Կոպոլան, չինացի ռեժիսոր Ցզյա Ջանկեն և դանիացի ռեժիսոր Նիոկլաս Վինդինգ Ռեֆնը:

 

Փառատոնի շրջանակներում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ: Կներկայացվեն նաև «Մրցույթից դուրս», «Հատուկ հայացք», «Կաննի կլասիկա» ծրագրերը և ուրիշներ: Այս տարի փառատոնը վարելու է ֆրանսիացի դերասան Լամբեր Վիլսոնը, որը հայտնի է «Մատրիցա. Վերաբեռնում» և «Արքայադուստր դե Մոնպանսյե» ֆիլմերից: Դափնեկիրների անունները կհրապարակվեն մայիսի 24-ին: