Esem.am-ը գրում է.
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն արդեն մեկուկես տարի է` ամուսնացած է մասնագիտությամբ թարգմանիչ Խաչատուր Ադումյանի հետ: Իրենց սիրո պատմությունը ներկայացնելիս Տաթևիկը մեկ անգամ էլ խոստովանեց, որ շատ է սիրում ամուսնուն և կրկնեց, որ ամուսնությունից հետո ավելի երջանիկ է :) Միայն տեսնել էր պետք, թե դերասանուհին ինչ մեծ քնքշանքով է խոսում ամուսնու մասին:
22-ամյա Տաթևիկի ամուսինը 33 տարեկան է: Ըստ դերասանուհու` տարիքային տարբերությունն ամենևին չի խանգարում հարաբերություններին: Տաթևիկի շրջապատում գտնվել են մարդիկ, ովքեր հենց սկզբից ասել են, թե տարիքային տարբերությունը կարող է բացասական ազդել նրանց հարաբերությունների վրա, սակայն նա ականջ չի դրել: «Եթե լսես նրանց, երբեք չես դասավորի կյանքդ, չես ապրի այնպես, ինչպես դու ես ուզում: Կապրես այնպես, ինչպես հասարակությունն է ուզում: Այդ նույն ասողները հիմա տեսնում են, թե ինչ ընտանիք է ձևավորվել»,- հպարտությամբ նկատեց նա: Տաթևիկը բավականին ակտիվ է, իսկ ահա ամուսինը, ինչպես նշեց դերասանուհին, սև հումորի արքա է: «Նա ունի յուրահատուկ գերմանական հումոր. երբ խոսում է, միայն ընկերները կհասկանան` կատակո՞ւմ է, թե՞ ոչ: Ամուսինս յուրահատուկ անձնավորություն է, դրա համար էլ իմ ամուսինն է :)»,- նկատեց Տաթևիկը:
Զույգի առաջին հանդիպումը կայացել է 2010 թվականին Ջերմուկում, որտեղ երկուսն էլ գործնական նպատակով էին: ՙԵս համագործակցում եմ «Միմ ստուդիոյի» հետ: Ջերմուկում միջոցառում պետք է լիներ, որի ժամանակ Խաչիկը սինքրոն թարգմանություն էր անելու և նախապես եկել էր, որ ծանոթանար տեքստին: Մենք էլ գնացել էինք, որ բեմին ծանոթանայինք: Դերասաններով նստած էինք սրճարանում, Խաչիկը` մեր կողքի սեղանին: Ես նրան չեմ հիշում, բայց նա ինձ տեսել, սիրահարվել էր: Շատ գոռոզ, լկստված տպավորություն էի թողել, այդ պատճառով էլ չէր մոտեցել ինձ: Սակայն հետո հետաքրքրվել էր, փնտրել ինձ: Մոտ մեկ տարի փնտրելուց հետո ընդհանուր ծանոթ էր գտել, ով էլ ծանոթացրեց մեզ»,- պատմեց Տաթևիկը ու նշեց, որ դա սեր էր առաջին հայացքից: Քանի որ դերասանուհին Ջերմուկից չի հիշում Խաչատուրին, որպես իրենց ծանոթության օր նշում է 2011 թվականի օգոստոսի 31-ը: «Մենք սկսեցինք ակտիվ ընկերություն անել, ուղղակի ընկերներ էինք, սակայն ամեն օր միասին էինք: Առավոտյան նա գալիս էր, ինձ տանում էր դասի, հետո, երբ ես 15 րոպե ընդմիջում էի ունենում, աշխատանքից գալիս էր, միասին ճաշում էինք, կրկին գնում էր աշխատանքի, ես էլ` դասի, որից հետո կրկին միասին էինք լինում մինչև գիշեր,- ասաց նա և հավելեց,- իհարկե, ֆլիրտ եղել է, սակայն ո´չ ես էի ցանկանում ցույց տալ, ո´չ նա: Երկուսս էլ վախենում էինք լուրջ հարաբերություններից: Կարծես չցանկանայինք հավատալ, որ սիրահարվել ենք»: Թե ինչպես են հարաբերությունները թևակոխել մյուս փուլ, Տաթևիկը չբացահայտեց: «Դա խիստ անձնական է»,- ծիծաղելով ասաց նա և հավելեց, որ դա իրենց փոքրիկ ու մեծ գաղտնիքն է :)
Հարցին, թե ինչով սիրելին գրավեց իրեն, Տաթևիկն ասաց. «Երկու րոպեից ավելի նայեցի նրա աչքերի մեջ: Ես էլ եմ հաճախ ինձ հարցնում` ինչ եղավ այդ ժամանակ, սակայն չեմ կարողանում գտնել պատասխանը»:
Տաթևիկի խոսքով` իր և սիրելիի հարաբերությունները շատ արագ են զարգացել: Մեկ տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են: Ըստ նրա` ամուսնանալու որոշումը կտրուկ է ստացվել. առաջարկությունը Խաչատուրն արել է Ջերմուկում: «Աչքերս փակ ինձ տարավ Ջերմուկ` այն նույն տեղը, որտեղ առաջին անգամ տեսել է ինձ ու ամուսնության առաջարկություն արեց: Միանգամից համաձայնեցի,- ասաց նա և նշեց, որ ամուսինն ամեն բան անում է, որ ինքը հանգիստ ու երջանիկ լինի: -Ես փոքր տարիքում եմ ամուսնացել ¥քսան տարեկանում¤, և ամուսինս թույլ չի տալիս ու չի ցանկանում, որ ես ժամանակից շուտ մեծանամ, մեր հարաբերությունները խանգարեն իմ զարգացման նորմալ ընթացքին»:
Զույգն ամուսնությունն ամրագրել է 2012թ. օգոստոսի 11-ին: Հարսանիքի նախապատրաստությամբ Տաթևիկն անձամբ է զբաղվել: «Փորձել եմ չկրկնվող հարսանիք անել: Ամեն ինչ ծովի թեմատիկայով էր. սեղանին ծաղիկների փոխարեն փոքրիկ ակվարիումներ էր դրված ու շատ մոմեր կային: Դա իմ մտահղացումն էր, քանի որ ես սիրում եմ ծով, տաքություն,- ասաց դերասանուհին և հիշեց, որ հարսանիքի նախորդ օրը նկարահանման է եղել մինչև գիշերվա 4-ը: - Հարսանիքիցս երկու օր անց ևս նկարահանման էի: Այդ ամենից շատ էի նյարդայնացել, սակայն հարսանիքիս օրը բոլորովին հոգնածություն չկար մեջս: Շատ ակտիվ հարս ու փեսա ենք եղել»:
Ըստ դերասանուհու` իր կյանքի երեք տարին Խաչիկի հետ շատ հետաքրքիր է անցել, իսկ նրանց սիրո ամենաջերմ վայրն իրենց տունն է: «Ամուսնությունից հետո մեր ժամանցի ձևը չի փոխվել: Մինչև ամուսնությունը զույգերն ավելի հաճախ են դուրս գալիս, քանի որ պետք է հանդիպեն, երբ ամուսնանում են, նրանց հանդիպման սիրելի վայրը դառնում է տունը: Մենք ավելի ակտիվ ենք հանգստյան օրերին, մյուս օրերին խիստ գրաֆիկով աշխատում ենք,- ասաց Տաթևիկն ու ավելացրեց, որ երբ ազատ օր են ունենում, գնում են երկրից դուրս, թեկուզ` Թբիլիսի: -Դրսում ավելի հանգիստ ենք մեզ զգում»: Զույգը սիրում է միասին ֆիլմեր դիտել, համակարգչային խաղեր խաղալ:
Տաթևիկն ու Խաչատուրն առանձին են բնակվում: Ասում է` կարողանում է հասցնել և´ տնային գործերը, և´ աշխատանքը: «Իմ ազատ ժամանակի, քնի հաշվին կարողանում եմ այնպես անել, որ ամեն ինչ կատարյալ լինի,- ասաց նա ու հավելեց, որ ամեն ինչ ինքնուրույն է անում, բազմատեսակ ուտեստներ պատրաստում ամուսնու համար: -Ամուսինս միայն տանն է ուտում, իսկ երբ արտերկրում է լինում, զանգում, բողոքում է, որ համով բաներ չի կերել :) Սոված է վերադառնում»: Դերասանուհին համացանցում միշտ փորփրում է հետաքրքիր բաղադրատոմսեր, երբեմն էլ ստեղծագործում է: Նրա խոսքով` ամուսինն ամեն օր նոր ճաշատեսակ է համտեսում, բացառությամբ` սիրելի ուտեստների: Տաթևիկը հիշեց, որ մինչև ամուսնությունը բացարձակապես չի կարողացել պատրաստել: ՙԱմուսնությունից հետո խոհանոցն այրելուց հետո արդեն կարողանում եմ այնպես պատրաստել, որ բոլորը գոհ մնան :)»,- վստահեցրեց դերասանուհին:
Ըստ նրա` սիրելիի ազդեցությամբ իր բնավորությունը փոխվել է: «Համբերատար եմ դարձել: Իմ կյանքում հայտնվեց մի մարդ, ում «ես»-ն ինձ համար ավելի կարևոր դարձավ, քան իմը: Հիմա հասկանում եմ, որ բացի ինձնից պետք է նաև դիմացինիս մասին մտածեմ: Նաև` աղջկական հատկանիշներ մտցրեց մեջս :)»,- խոստովանեց նա:
Համատեղ կյանքի բարդությունների մասին խոսելիս դերասանուհին նշեց, որ դա ամուսնուց է կախված. «Իմ կողքին հրաշալի ամուսին կա, ով թույլ չի տալիս, որ ես որևէ բարդություն տեսնեմ: Վեճերը միայն խանդի հողի վրա են լինում. մենք շատ ենք վստահում իրար, սակայն ես շատ եմ խանդում նրան: Ես խանդում եմ, օրինակ, որ ինձ այդ օրը քիչ է զանգել :)»: Երկրից հաճախ բացակայող ամուսնուն Տաթևիկը միանում է միայն այն ժամանակ, երբ աշխատանքային գրաֆիկն է թույլ տալիս:«Երբ նա այստեղ չէ, սկայպը միացրած ենք քնում»,- ավելացրեց դերասանուհին:
Երբ նրան խնդրեցի բնորոշել, թե ինչպիսի զույգ են ինքն ու ամուսինը, խնդրեց, որ դա անի այդ պահին իր կողքին գտնվող ընկերուհին` դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Վերջինն ասաց, որ նրանք անկանխատեսելի և ներդաշնակ զույգ են, Տաթևիկի մայրիկն էլ հավելեց, որ դուստրն ու փեսան իրարից տարբեր, բայց իրար լրացնող ու յուրահատուկ են. նրանք կատարյալ են միասին:
Տաթևիկը սիրում է իր աշխատանքը, սակայն ցանկացած պահի պատրաստ է թողնել այն հանուն սիրելիի.«Երբ ես պետք եմ ամուսնուս, աշխատանքս միանշանակ երկրորդ պլանում է: Ուղղակի նա աշխատում է, հաճախ տանը չի լինում, և ես կարողանում եմ ազատ ժամանակս իմ սիրած աշխատանքով զբաղվել: Երբ զգամ, որ աշխատանքս խանգարում է ընտանիքիս, այն միանշանակ կգնա երկրորդ պլան, և էական չէ` որքան եմ սիրում այն»: Ամուսինը հետևում է դերասանուհու գործունեությանը հատկապես թատրոնում: «Նա կարող է մի ներկայացումը 20 անգամ դիտել: Սերիալ չի նայում, սակայն երբ կարևոր տեսարան է լինում, ասում եմ` Խաչ, նայիր այս տեսարանը լա՞վ է, թե՞ վատ, անպայման նայում է»:
Բալիկ ունենալ կամ չունենալ զույգը չի ծրագրում: «Երբ Աստված կամենա, այն ժամանակ էլ բալիկ կունենանք: Ոչինչ չեմ ծրագրում,- ասաց Տաթևիկը` նշելով որ իր համար էական չէ նաև երեխայի սեռը: -Կարևորը առողջ բալիկ ունենանք»:
Սիրառատ Տաթևիկին «հարցաքննեց» Ամալյա Հովհաննիսյանը