Կյանքը թելադրող ուժ ունի, նա է մեզ հուշում՝ երբ և ինչով զբաղվել… Աստված տա, որ այդ հուշումները ուրախ առիթով լինեն ու մեծ գործունեության նպաստեն…Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Դավիթ Թուջարյանն է, ով փոխեց իր կյանքը ընդամենը ամիսների ընթացքում՝ ելնելով հոգեվիճակից ու կյանքի թելադրանքից…

-Դավիթ, բավական ժամանակ է՝ լուռ եք: Ինչո՞ւ:

-Այո, արդեն երևի երկու տարուց ավելի կլինի, որ լուռ եմ… Երբ մայրս հիվանդացավ, չէի կարողանում իմ գործով զբաղվել, հոգեվիճակի խնդիր էր… Արդեն տարուց ավելի է, որ նրան կորցրել եմ… Երևի կամաց-կամաց կերևամ, կամ չեմ երևա, չգիտեմ…

-Ցավում եմ կորստի համար… Ինչո՞ւ չեք երևա, որոշել եք երգարվեստը թողնե՞լ:

-Ոչ, չեմ որոշել թողնել, պարզապես դեռ տրամադրված չեմ վերադառնալ այն ընթացքին, որում եղել եմ… Հոգեվիճակս դրան չի տրամադրում… Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք…

-Փաստորեն հիմա պարապուրդի մե՞ջ եք, ոչնչով չե՞ք զբաղվում:

-… Մայրս՝ Գայանե Աստվածատրյանը, ինձ համար երգեր էր գրում: Իմ վերջին ալբոմում իր գրված երգերն են… Կյանքի վերջին երկու-երեք ամսում նույնպես ստեղծագործեց, բայց հոգևոր երգեր…Դրանք հինգն են, որոնց ցանկանում եմ անպայման կյանքի կոչել…Մի երգի գործիքավորումն արդեն կատարել եմ, պետք է ձայնագրվեմ և հետաքրքիր տեսահոլովակով ներկայացնեմ… Երգը կոչվում է «Ներիր», ներկայացնում է, թե ի՞նչ կյանքով պետք է ապրի քրիստոնյա ազգը…

-Միգուցե որոշեք հոգևոր երգերի ձայնասկավառա՞կ պատրաստել:

-Մեծ ցանկություն ունեմ նման դիսկ պատրաստելու, պարզապես դեռևս հնարավորություն չունեմ… դա կոմերցիոն բնույթ չպետք է կրի, չի վաճառվելու… Շատ եմ ուզում մորս գրած այդ հինգ երգերը կյանքի կոչել, նաև մեր հոգևոր երգարանից կօգտվեմ, որպեսզի դիսկում մոտ 12 երգ լինի… Հոգևոր երգը հենց այնպես չես կարող երգել, եթե երգում ես, նշանակում է՝ Աստված մի բան հուշել է… Փառք Աստծո, ես հիմա այդպես եմ լցված, այդ հոգեվիճակում եմ… Այս մասին առաջին անգամ եմ կիսվում լրատվամիջոցների հետ, քանի որ գործս կիսատ է… Տեսնենք, ինչ կլինի, իրականացնելու համար ֆինանսներ և հովանավորներ են պետք… Համենայնդեպս, արդեն սկսել եմ աշխատանքները: Մարդու հոգուն կպնող երգեր են, կոմերցիոն չեն, ծնունդների ու քեֆերի, գինովնալու համար չեն…

 

 

Շարունակությունը' այստեղ: