ESem.am-ը պատմել է, որ դերասանուհի Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը նկարահանվում են «Խաղանք իմ կանոններով» գեղարվեստական ֆիլմում:

Օրերս մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր դերակատարներից Մովսես Երեմյանն այլևս չի նկարահանվում ֆիլմում: Այս մասին խոսեցինք գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերներից Հայկ Ավագյանի հետ, ով հաստատեց լուրը: «Միայն կարող եմ ասել, որ իմ և մյուս պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանի որոշմամբ Մովսեսը չի նկարահանվում ֆիլմում. որևէ կոնֆլիկտ չի եղել, պարզապես մեր որոշումն է այդպիսին»,-ասաց Հայկը և հավելեց, որ չի ուզում խոսել ու պարզաբանել այդ ամենը: Նրանից հետաքրքրվեցինք նաև' հնարավոր է որոշակի դադարից հետո Մովսեսը դարձյալ նկարահանվի. «Ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ այդ որոշումից հետո ֆիլմի նկարահանումները ևս դադարեցվել են»:

Թե որքան ժամանակով են դադարեցվել գեղարվեստական այս ֆիլմի նկարահանումները և արդյոք այս տարի այն կհասնի եզրագծին, պրոդյուսերը դժվարացավ պատասխանել:
Նշենք, որ «Խաղանք իմ կանոններով» ֆիլմի նկարահանումները սկսվել էր հոկտեմբերի 29-ին և տևել 5-6 օր. Արդեն երեք օր է' դրանք դադարեցվել են:

 

Լուրը ճշտեց Արևիկ Իսաջանյանը