Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին դերասանուհի Լիկա Մեսրոպյանի կյանքում վերջին մի քանի տարին շրջադարձային եղավ. նա հեռացավ բեմից ու սկսեց զբաղվել «Լակի» տորթերի խանութ-սրահի իր բիզնեսով: Այնուհետև Խորեն Լևոնյանի հետ նկարահանվեց «Խաղից դուրս» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում, որը փոխեց նրանց հարաբերությունների ընթացքը: Արդյունքում' սեպտեմբերի 12-ին Լիկան և Խորենը տոնեցին իրենց միությունը յուրօրինակ հարսանյաց խնջույքով:

 

Ի՞նչն էր այս փոփոխությունների պատճառը, ապագայի ի՞նչ պլաններ կան, այս և այլ հարցերի պատասխանները Tatron.info-ն փորձեց պարզել հենց Լիկա Մեսրոպյանից:


-16 տարի շարունակ եղել եք բեմում, խաղացել գլխավոր դերեր, բայց արդեն չորս տարի է հեռացել եք թատրոնից: Կայացած և սիրված դերասանուհու համար ի՞նչը կարող էր նման կտրուկ որոշման պատճառ դառնալ:


-Պատճառները մի քանիսն են: Նախ' ես ընտրության առաջ էի' բիզնես կամ թատրոն: Երկրրորդ' մեծ հիասթափություն ապրեցի իմ հանդիսատեսից. մի դեպք պատահեց, երբ խաղում էինք «Ռոմեո և Ջուլիետ», նստածներից մեկը սկսեց հեռախոսով բարձրաձայն խոսել, իսկ մյուսը բղավեց. «Ռոմեո՛, չխմես դեղը. Ջուլիետը սաղ է»: Դա ինձ համար մեծ ապտակ էր: Ես մտածեցի'ինչի՞ համար եմ իմ էներգիան ու ժամանակը ծախսում: Նման բան կարող է ցանկացած դերասանի մոտ լինել, դերասանը կարող է մեկ հանդիսատեսի պատճառով «հիվանդանալ»:


-Դժվար չէ՞ առանց արվեստի, հնարավո՞ր է Լիկա Մեսրոպյանը վերադառնա դերասանական կարիերային:


-Դժվար չէ, ես սիրում եմ իմ աշխատանքը. սա իմ սեփականն է, իմ ներքինը: Չնայած' ինչ-որ փոքրիկ դավաճանություն զգում եմ թատրոնի նկատմամբ: Եթե նախկինում հարցնեիք, միանգամից կժխտեի երբևէ թատրոն վերադառնալս, բայց հիմա ոչինչ բացառել չեմ կարող:

Lika3


Լիկա Մեսրոպյանի հետ մենք զրուցեցինք նաև ավանդույթների մասին և փորձեցինք իմանալ նրա կարծիքը հայկական ավանդույթների, հայ տղամարդու և կնոջ վերաբերյալ:


-Ինչպե՞ս եք վերաբերում հայկական ավանդույթներին, որո՞նք եք շատ սիրում, որո՞նք չեք ընդունում:


-Ցավոք, դրսինը գերադասելով, շատ հայկական ավանդույթներ ենք կորցրել: Սիրում եմ մեր հայկականը, բայց կան տոներ, որ հեթանոսական ծագում ունեն, որոնք ես չեմ ընդունում, կառանձնացնեմ Տեառն ընդառաջը. կարծում եմ' սնահավատություն կա դրա մեջ:


-Իսկ հայկական հարսանիքների մասին ի՞նչ կարծիքի: Օրինակ' շատ է քննարկվում «կարմիր խնձորի» ավանդույթը, դրա մասին ի՞նչ կասեք:


-Հայկական հարսանիքներն ունեն իրենց գեղեցկությունը, սիմվոլիկան, բայց ինքս երբեք չեմ երազել այդպես տոնել իմ հարսանիքը: Գուցե շատերը քննադատեն, բայց ես կարևորում եմ «կարմիր խնձորը», գտնում եմ, որ ճիշտ է: Ավելին ասել չեմ կարող:

Lika4


-Որքանո՞վ է Լիկա Մեսրոպյանն իրեն մոտ համարում հայկական ավանդական կնոջ կերպարին: Ինչպիսի՞ն պետք է լինի հայ կինը և հայ տղամարդը:


-Կարող եմ ինձ ավանդական կին համարել, չնայած' զբաղվել եմ թատրոնով, այժմ էլ' բիզնեսով: Պատրաստում եմ ավանդական ուտելիքներ, այժմ էլ առաջին անգամ Խորենի համար պետք է տոլմա պատրաստեմ. ամուսնու համար պատրաստելը ուրիշ հաճույք է և շատ պատասխանատու: Պատրաստ եմ հրաժարվել ամեն ինչից հանուն ընտանիքիս: Բացի այդ, ընդունում եմ տղամարդու լիդերությունը ընտանիքում և կնոջ հնազանդությունը: Հայ կինը պետք է հնազանդ լինի, լինի լավ մայր և լավ կին, իսկ հայ տղամարդը պետք է պարզապես իսկական տղամարդ լինի. նրանք բավականին կոպիտ են, բռի, ինքնահաստատվում են ընտանիքի հաշվին:


-Ո՞ր հատկանիշներն է կրում Ձեր կողքի տղամարդը՝ Խորեն Լևոնյանը:


-Որևէ բան առանձնացնել չեմ կարող. երբ սիրում ես, սիրում ես ամբողջովին:

Lika5


-Կպատմե՞ք, թե ինչպես կազմակերպեցիք Ձեր հարսանյաց խնջույքը:


- Ասեմ, որ վճռել էի երբևէ չամուսնանալ: Շրջապատում միշտ լիդեր եմ եղել ու չեմ պատկերացրել մեկին, ով ինձնից ուժեղ կլիներ, ում վրա կկարողանայի հենվել…բայց ամեն ինչ փոխվեց… Խնջույքը պլանավորել էինք անել քաղաքից դուրս գտնվող մի գողտրիկ հյուրանոցում: Երբ Խորենի հետ գնացինք այնտեղ' պայմանավորվելու, տեսանք, որ հյուրանոցը փակվել է: Ես չափազանց հուսահատ էի, որովհետև շատ էի հավանել տեղը: Խորենն ինձ համար անակնկալ արեց. նա կապ հստատեց հյուրանոցի տիրոջ հետ, ով արտասահմանում էր, խնդրեց' մեկ օրով մեզ տրամադրեն հյուրանոցը: Ամեն ինչ անցավ հիանալի: Հյուրերը շատ էին, բայց միայն մեր հարազատներն էին:


-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք օրը:


-Օրվա ընտրությունը սիմվոլիկ է իմ ու Խորենի համար, որը մեր գաղտնիքն էր, բայց երևի բացահայտեմ: 12-ն այն թիվն է, որը ստացվում է իմ ու Խորենի ծննդյան օրերի թվերը գումարելիս և հանելիս:

Llika7


Իսկ թե ինչով էր պայմանավորված Լիկայի հարսանյաց զգեստի կապույտ գույնը, նա ասաց, որ դա իր ամենասիրելի գույնն է' բնության, երկնքի ու ջրի գույնը:
Զրույցի վերջում Լիկան ավելացրեց նաև, որ այն, ինչ զգում է հիմա' ամուսնացած լինելով, խոսքերով արտահայտելը շատ բարդ է.


-Երբ տղամարդ կա կողքիդ, դառնում ես ավելի կանացի, ավելի հանգիստ ու ապահով:

Lika6