Երգիչ Արսեն Սաֆարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց սպասվող մենահամերգի, չորրորդ ձայներիզի շնորհանդեսի, ընտանիքնի ու նախասիրությունների մասին

-Հինգ տարի դադարից հետո որոշեցիք հանդես գալ նոր մենահամերգով: Մի փոքր կբացեք փակագծերը:

-Երկար դադարից հետո որոշեցի իմ հանդիսատեսին հնարավորություն տալ ինձ հետ անցկացնել ևս մեկ երեկո: Արդեն երկար ժամանակ է աշխատում ենք և ստեղծվել են բազմաթիվ երգեր, որոնք, ի դեպ, ընդգրկվել են նաև չորրորդ ձայնասկավառակում, և հասունացել էր պահը հանդես գալ ևս մեկ մենահամերգով: Համերգը կտևի մոտ երկու ժամ, որի ընթացքում կհնչեն իմ երգացանկի լավագույն երգերը' 18-20 կատարում:

-Ո՞ր դահլիճում է տեղի ունենալու համերգը: Մի փոքր պատմեք նախապատրաստական աշխատանքների մասին:

-Այս տարի մենահամերգը կայանալու է Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Համերգի փորձերը դեռ չեմ սկսել, քանի որ զբաղված եմ այլ կազմակերպչական աշխատանքներով: Համերգի ընթացքում կլինեն պարային կատարումներ, շոու-ծրագիր, լուսային էֆեկտներ, որոնց ականատես կլինեք: Երկար մտածեցի և չկարողացա համերգի համար խորագիր ընտրել, այդ իսկ պատճառով այս անգամ մենահամերգը խորագիր չի ունենա: Հին և նոր երգերն արդեն պատկերացում են տալիս, թե ինչ է նախատեսված համերգի ժամանակ:

-Ինչո՞ւ ընտրեցիք մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը, վստա՞հ չեք, որ կարող եք ավելի մեծ թվով հանդիսատես հյուրընկալել:

-Անկեղծ կասեմ' այո վախենում եմ: Գուցե արդեն կորցրել եմ իմ արդիականությունը: Ամեն դեպքում ես միտք չունեմ համալիր լցնելու, ինչպես հիմա է ընդունված, պարզապես ուզում եմ ստեղծել ջերմ մթնոլորտ և հաճելի հուշեր թողնել: Ես չեմ վախենում խոստովանել, որ ասպարեզ են գալիս նոր երգիչներ, որոնք ավելի պահանջված են: Եթե գա մի օր, որ ստիպված լինեմ համերգ կազմակերպել 200 հոգանոց դահլիճում, ապա կանեմ ' վստահ լինելով, որ այնտեղ հավաքվածներից յուրաքանչյուրը եկել է ինձ լսելու, այլ ոչ թե բղավելու:

-Ի՞նչ անակնկալ եք նախապատրաստել ձեր երկրպագուների համար:

-Անակնկալներ չեմ սիրում և ոչ մի արտասովոր անակնկալ չեմ նախատեսել: Կարծում եմ յուրաքանչյուրն իր համար մի անակնկալ կբացահայտի. մեկի համար դա կարող է լինել իմ երգերից մեկը, կամ նույնիսկ որևէ հիշողություն դրանց հետ կապված:

- Նոր երգեր, դուետներ, պատրաստո՞ւմ եք:

-Առաջ մտածում էի ինչ երգեմ, իսկ հիմա որը չերգեմ: Երգացանկում ընդգրկված են հին ու նոր երգեր: Մի փոքր տարակուսում եմ հին բառից, բայց չէի կարող անտեսել այն երգերը, որոնք գրեթե անբաժան են եղել ինձնից' «Հին օրեր», «Բայց դու չես գալիս» և այլն: Նախատեսել եմ Սիրուշոյի և Լիանայի հետ դուետ կատարել, բայց չեմ կարող համոզված լինել, որ նրանք կկարողանան ներկա լինել համերգին, ամեն դեպքում ես նրանց հրավիրել եմ:

-«Պարոնայք սպաներ» երգը դրական արձագանք ունեցավ, հայրենիքին ու բանակին նվիրված այլ երգեր կլինե՞ն:

-Իմ երգացանկում կան երգեր, որոնք հայրենասիրական բնույթի են ' «Վերադարձիր քո տուն», «Պարոնայք սպաներ», ինչու չէ նաև «Հուշերի քաղաքը»' չնայած առաջին հայացքից թվում է, թե այն քաղաքի մասին է: Մոտ ժամանակներում չեմ կարծում, որ նոր հայրենասիրական երգ կունենամ, իսկ այս երգերը գրելու համար բավականին երկար ժամանակ է պետք:

-Երկար տարիներ է ամուսնացած եք, որևէ փոփոխություն զգու՞մ եք ձեր հարաբերություններում:

-Տասներկու տարվա ամուսնության ընթացքում իրականում շատ փոփոխությունն են լինում: Մեզ մոտ ամեն ինչ փուլերով է ընթացել: Սկզբում լարվածություն, հետո սկսում եք միմյանց հասկանալ ու նվիրվել և այդպես շարունակ: Իսկ հիմա մենք հասել ենք հարմոնիայի և սիրով պահպանում ենք ստեղծածը:

-Ինչո՞վ է զբաղվում Ձեր կինը և ի՞նչ հետաքրքրություններ ունեն երեխաները:

-Կինս սեփական բիզնեսով է զբաղվում, որի մասին խոսել չեմ ուզում, իսկ երեխաներս սովորում են դպրոցում: Ես այն ծնողներից չեմ, որ իրենց երեխաներին այնքան են ծանրաբեռնում' ստիպողաբար ուղարկում տարբեր խմբակներ, որ խեղճ երեխաները չեն կարողանում մանկություն ունենալ: Ես նրանց թողնում եմ մանկություն ունենալ:

-Ի՞նչը կարող է Ձեզ «հունից հանել»:

-Տգիտությունը և անսահման ինքնավստահությունը: Երբ մարդը չափից դուրս ինքնավստահ է լինում, դա վերածվում է դեմագոգիայի: Ինձ ափերից կարող է հանել նաև իմ ինքնասիրությանը վիրավորող որևէ քայլ, իսկ դա կարող է լինել անգամ մի հայացք:

-Ի՞նչ եք սիրում ուտել և ու՞մ պատրաստածը:

-Սիրում եմ մսային կերակուրներ և, հատկապես, կնոջս պատրաստածը: Չեմ կարող անվանական նշել , քանի որ չգիտեմ անունները, բայց եթե երկու օր միս չուտեմ, աչքերիս փայլը կխամրի:

-Կմտաբերե՞ք Ձեր մասին լսած ամենաթարմ ասեկոսեն:

-Անկեղծ ասած չեմ հիշում, բացի նրանից, որ տարին մեկ անգամ ինձ ամուսնացնում ու բաժանում են:

- Ըստ Ձեզ, որո՞նք են Ձեր բնավորության լավ և վատ գծերը:

-Լավատեսությունն իմ լավագույն գծերից է, ինչպես նաև գեղեցկությունը տեսնելը' հատկապես կանացի, վատություն չանելը մարդկանց: Իսկ վատ գծերից է ծխելը և ցրվածությունը:

-Կպատմե՞ք ձեր առաջին սիրո պատմությունը:

-Առաջին անգամ սիրահարվել եմ իններորդ դասարանում' մեկ պարի ընթացքում: Բավականին երկար տևեց այդ սիրային պատմությունը և մինչև այսօր դա ինձ մոտ որպես հիշողություն պահպանվում է: Չեմ ասի ով էր նա, բայց Հրազդան քաղաքից էր:

-Կյանքում ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է:

-Ընտանիքս: Այն սերը, որը արմատներ է տվել ու սերունդ ստեղծել: Այն, որ ես ունեմ զավակներ: Ի դեպ, նախատեսում ենք ևս մեկ երեխա ունենալ:

- Ե՞րբ եք նախատեսում նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Ինչպե՞ս է այն կոչվում և քանի՞ երգ է ներկայացված այնտեղ:

-Չորրորդ ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը կկայանա նոյեմբերի 23-ին իմ մենահամերգի ընթացքում: Չցանկացա առանձին շնորհանդես կատարել' մտածելով, որ մենահամերգը գեղեցիկ առիթ է դրա համար: Ձայնասկավառակը կոչվում է «Սիրո աղոթք», որում ընդգրկված են 10 երգ, այդ թվում' դուետներ: