Աշխարհի 10 ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ, ներկայացնում է rbc.ru-ն:
1. Marina Bay Sands, Սինգապուր
Marina Bay Sands հյուրանոցը հայտնի է 3 կառույցներն իրար միացնող տանիքով, որտեղ տեղակայված են այգին և լողավազանը: Իսկ հյուրանոցի ներսում աչքի են ընկնում թանգարանը, խանութներն ու 7 ռեստորանները, 2 թատրոններն ու սառցադաշտը: Բացի այդ, այստեղ է գտնվում 500 խաղասեղաններ տեղավորող խաղատունը: Այն կառուցելու համար ծախսվել է 8 մլրդ դոլար:
2. Sheraton Huzhou Hot Spring Resort, Չինաստան
Մատանու տեսք ունեցող 27 հարկանի շենքը գտնվում է Հուչժոու քաղաքում: Ընդունարանի առաստաղը զարդարված է 20 հազար Swarovski բյուրեղներով: Հյուրանոցի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 1,5 մլրդ դոլար:
3. Resorts World, Սինգապուր
Resorts World առողջարանային համալիրում, որը գտնվում է Սենտոզա կղզում, կառուցվել է աշխարհի ամենամեծ օվկիանարիումը: Հյուրանոցում տեղակայված են անհավանական քանակի խանութներ և ռեստորաններ: Այն կառուցվել է 4,9 մլրդ դոլարով:
4. Mardan Palace, Թուրքիա
Mardan Palace հյուրանոցի բացմանը 2009-ին, որի նախագիծն արժեցել է 1,4 մլրդ դոլար, այցելել են Շերոն Սթոունը, Ռիչարդ Գիրը, Թոմ Ջոնսը և Մոնիկա Բելուչին: Հյուրանոցի գլխավոր մուտքը զարդարում է շատրվանային համալիրը՝ լուսային շոուով: Այն հայտնի է նաև լողավազանի վերևով անցնող գեղեցիկ կամրջով:
5. City Of Dreams, Չինաստան
City Of Dreams համալիրը, որ տեղակայված է The Venetian հյուրանոցի դիմաց, իրենից ներկայացնում է 3 հյուրանոցներից, 200 խանութներից և հսկայական խաղատնից բաղկացած շքեղ առողջարանային համալիր: Այն կառուցվել է 2 մլրդ դոլարով:
6. The Venetian, Չինաստան
2007-ին բացված հյուրանոցը ընդգրկում է աշխարհի ամենամեծ խաղատունը: Այն հիացնում է ոչ միայն խոշոր թատերասրահով, շքեղ համարներով, այլև իրական վենետիկյան ջրանցքով, որում հնարավոր է գոնդոլներ վարել:
7. The Cosmopolitan, Լաս Վեգաս
Այս հյուրանոցը գտնվում է Լաս Վեգաս Սթրիփ բուլվարի կենտրոնում: Այստեղ են անցկացվում ամենասպասված միջոցառումները, հարսանիքներն ու խաղերը: Այն կառուցելու համար ներդրվել է 3,9 մլրդ դոլար:
8. Emirates Palace, Աբու Դաբի
Emirates Palace-ը Kempinski հյուրանոցային ցանցի մարգարիտն է: Գտնվելով Աբու Դաբիի կենտրոնում՝ այն իր այցելուներին է առաջարկում ամենաշքեղ լողավազանները, սպա կենտրոնները, մանկական խաղահրապարակն ու ուղտերով զբոսնելու համար նախատեսված տարածքը: Այն կառուցվել է 6 մլրդ դոլարով:
9. Burj Al Arab, Դուբայ
Դուբայի 7 աստղանի հյուրանոցը բացվել է 1999-ին: Այն համարվում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցներից մեկը և հայտնի է օրիգինալ ճարտարապետությամբ և հանդիսանում է Դուբայի խորհրդանիշը:
10. Atlantis The Palm, Դուբայ
Շքեղ 5-աստղանի հյուրանոցը տեղակայված է Դուբայի արմավենու արհեստական կղզիներից մեկի վրա: Այն հիանալի վայր է լողափային հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցի շինարարությունն արժեցել է 1,5 մլրդ դոլար: