Օրեր առաջ դերասանուհի Հասմիկ Վերդյանի համար Պարոնյան թատրոնի բեմը ոչ միայն ներկայացում խաղալու վայր էր, այլև ամուսնության առաջարկություն ստանալու և նշանվելու: «Զգուշացե՛ք, կանայք են» ներկայացման վերջում Հասմիկին է մոտեցել սիրելին ու առաջարկել ամուսնանալ իր հետ:
ESem.am-ի հետ զրույցում Պարոնյան թատրոնի դերասանուհին նշեց, որ ընտրյալը Կարեն Մարտոյանն է, ով ևս դերասանական կրթություն ունի, սակայն այժմ բիզնեսով է զբաղվում Մոսկվայում: Հասմիկի փոխանցմամբ' նոր էր ընդգրկվել ներկայացման մեջ ու մայրիկից, մյուս ընկերներից բացի սիրելիին ևս հրավիրել էր այն դիտելու: Կարենն էլ անակնկալ մատուցելու և ողջ դահլիճի առաջ սեր խոստովանելու առիթը բաց չէր թողել: «Մինչ մենք հանդիսատեսի ծափերն էինք ստանում, Կարենը բեմ բարձրացավ և ասաց' Հաս, ես քեզ սիրում եմ, կամուսնանա՞ս ինձ հետ ու տվեց մատանին»,- պատմեց դերասանուհին, ով առաջարկությունը լսելուց հետո լռել, ապա դրական պատասխան է տվել: Նրա խոսքերով' ինքը հայկական ավանդական նշանադրության կողմնակից չէ, սակայն նման անակնկալի չէր սպասում. «Իմ կյանքի ամենագեղեցիկ ու հետաքրքիր պահերից մեկն էր: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում նման երջանկություն լինի»:
Հասմիկն ու Կարենը մոտ չորս տարի առաջ են հանդիպել. հերթական ներկայացումից հետո նրան է մոտեցել Կարենը, սկսել են խոսել ու ընկերացել են: «Չգիտեմ էլ ինչպես եղավ, որ որպես սիրային զույգ հանդես եկանք ու սկսեցինք ընկերություն անել»,-նշեց Հասմիկը և հավելեց, որ մինչ անակնկալը, նշանադրության մասին խոսակցություններ եղել են, սակայն հստակ ոչինչ չեն ծրագրել:
Ըստ դերասանուհու' սիրելին նորմալ է վերաբերում իր դերասանական կարիերային: Ամուսնությունից հետո նրանք Երևանում են բնակվելու, իսկ ինքը շարունակելու է աշխատել թատրոնում:
ESem.am-ը շնորհավորում է զույգին' հարատև երջանիկ կյանք ցանկանալով:
Բեմի լուսանկարները' Tatron.info-ի
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը