Դերասաններ Կարապետ Բալյանն ու Մարիամ Ղազանչյանը մոտ չորս տարի ընկերություն անելուց հետո որոշել են նշանվել: Զույգի պաշտոնական նշանադրությունն այսօր է տեղի ունենալու` ընտանեկան միջավայրում: Սակայն երեկ Համազգային թատրոնի դերասան Կարոյի մտահղացմամբ, Մարիամն անսպասելի ու հաճելի սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկ է ստացել: Մինչ Մարիամը պատրաստվում էր այսօր կայանալիք նշանադրությանը, Կարոն նրան առաջարկել է դուրս գալ ու մի քիչ զբոսնել: «Տանը մամայիս հետ աղցան էի պատրաստում, մեկ էլ Կարոն եկավ մեր տուն, ասաց, որ պատրաստվեմ` դուրս ենք գալիս: Եկանք մեր սիրելի փաբերից մեկը, նստեցինք, զրուցեցինք: Այդ ընթացքում անընդհատ ասում էի, որ դուրս գանք, իսկ ինքը հետաձգում էր ու պարբերաբար դուրս ու ներս էր անում»,-պատմեց Մարիամն, ով նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչ անակնկալ է իրեն սպասում: Երբ Կարոն հերթական անգամ դուրս է գալիս, փաբում ցուցադրվում է տեսահոլովակ, որի ընթացքում զույգի մտերիմ բոլոր ընկերներն ասում են, որ Կարոն սիրում է Մարիամին: Տեսաֆիլմի վերջում իր սիրո խոստովանությունն է անում նաև Կարոն ու մատանիով մոտենում սիրելիին: Սրան հաջորդում է զույգի մտերիմ ընկերների մուտքը` փուչիկներով ու բարձր ծափահարություններով: Կարոն հավաքել էր Մարիամի գործընկերներին` Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Իշխան Ղարիբյանին, Անի Բայաթյանին, Գրիգորի Հակոբյանին, Գոհար Կարապետյանին, Սամվել Դանիելյանին, Սոնա Մաթևոսյանին և այլոց: Հյուրերի թվում էին նաև դերասաններ Վարդան Արզումանյանը, Լևս Դավթյանը, Աշոտ Հակոբյանը: esyes.am-ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ անչափ հուզված է. նա այսպիսի անակնկալի չէր սպասում ու պարբերաբար նշում էր, որ սիրում է բոլորին, ովքեր կազմակերպել էին այս ամենը: Նշենք նաև, որ այս անակնկալը պատրաստելու համար Կարոն գրեթե մեկ շաբաթ տեսախցիկը ձեռքին նկարահանում էր այն տեսանյութը, որը ցուցադրվեց: «Ես»-ը շնորհավորում է զույգին ու մաղթում անակնկալներով լի կյանք:)