Թերարժեքության բարդույթը սեփական անձի հանդեպ բացասական վերաբերմունքն է, ինքնահարգանքի շատ ցածր աստիճանը և ինքնանվաստացման որոշակի տարրեր է պարունակում: Որոշ դեպքերում կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Թերարժեքության բարդույթը, թերևս, բոլորիս հատուկ հոգեբանական համակարգ է: Համաձայն հայտնի հոգեբան Ադլերի' այդ զգացումով բոլորն են ծնվում, բայց կյանքի ընթացքում ինչ-ինչ ձևերով փոխհատուցում են այն' հաջողությունների հասնելու կամ ինքնակատարելագործման միջոցով: Սեփական հաջողություններով ինքնահաստատվելով' մարդը ձեռք է բերում սեփական անձն արժևորելու զգացում:
Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ ՋամալյանՅուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթն իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ, իհարկե, կան, հատկապես դրսևորումներում, սակայն բարդույթի բովանդակությունն անհատական է: Մեկի համար թերարժեքության բարդույթ է ցածր հասակը, մյուսի համար' լեզվական արատը և այլն: Ընդ որում անհրաժեշտ է հատուկ նշել, որ թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձևավորվում է սխալ գնահատականների հետևանքով, հիմնականում կազմավորվում է ենթագիտակցաբար: Քիչ չեն մարդիկ, ովքեր արժանի լինելով շատ ավելի մեծ ձեռքբերումների' բավարարվում են փոքր ու համեստ դերակատարումներով կամ հեշտությամբ իրենց դիրքերն ուրիշներին են զիջում: Թերարժեքության բարդույթի պատճառ կարող են լինել նաև ծնող-երեխա սխալ հարաբերությունները, որոնք երեխայի հոգում ենթագիտակցական թերարժեքություն են ձևավորում: Անձնական կյանքը չդասավորած երիտասարդը, ով արժանի է երջանիկ լինելու, հաճախ չի կարողանում գտնել իր երջանկությունը: Կամ աղջիկը տանը մնալու վախից (որը կրկին թերարժեքության հետևանք է) սխալ քայլ է կատարում' ընտրելով առաջին պատահածին, ինչն ինքնավստահության պարագայում չէր անի:
Խորհուրդ: Պետք է ինքնահաստատվել: Ունենալ թեկուզ փոքրիկ ձեռքբերումներ և գնահատել անգամ չնչին հաջողությունը: Երբեք չի կարելի ասել' ես չեմ կարող: Պետք է անընդհատ կրկնել' ես կարող եմ և մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնք անիրականանալի են թվում կամ որոնց կենսագործման համար համարձակությունը չի բավարարում: Յուրաքանչյուր հաջողությունից անհրաժեշտ է ոգևորվել և կրկնել' ուրեմն ես կարող եմ, ուրեմն դա հնարավոր է, ուրեմն ես արժանի եմ: Դա ուժ է տալիս: Ամեն փոքրիկ հաջողությունից հետո պետք է ասել' ես ավելին կարող եմ անել: