Իրատես լինելու դեպքում պետք է ընդունենք, որ, ցավոք, զույգերը, որոնց սիրահարության զգացողությունն ուղեկցում է ամբողջ կյանքում, շատ քիչ են: Ավելի հաճախ ամեն ինչ դասավորվում է սովորական հերթագայությամբ' բուռն կիրք սկզբում – ընտելացում – հոգնածություն իրարից – կապի խզում: Բաժանման առիթ կարող է դառնալ ինչ ասես' սկսած մանր կենցաղային վեճից մինչև անհավատարմություն, բայց պատճառը նույնն է' սերն անցել է:
Ինչու՞ է այդպես լինում… Բանն այն է, որ շատերի պատկերացումները սիրո և կատարյալ ընտանիքի մասին հիմնվում են սկզբունքային մոլորությունների վրա, որոնց արդյունքում նրանք հարաբերություններից ստանում են ամենևին ոչ այն, ինչ ակնկալում էին:
5 սխալ պատկերացումները սիրո մասին կամ ինչու՞ է մարում սերը
Մոլորություն 1-ին. Երջանիկ ընտանիքը կառուցվում է միայն սիրո հիմքի վրա
Դա այդքան էլ այդպես չէ: Կան ընտանիքներ, որտեղ մարդիկ ապրում են առանց թրթռուն զգացմունքի, բայց դժբախտ նրանց չես անվանի: Սերը փոփոխվող բնույթ ունի և կարող է որոշակի ժամանակահատվածում թուլանալ կամ մարել ընդմիշտ: Եվ այդ ժամանակ առաջին պլան է մղվում այն, ինչ ձեզ իրար է կապում առանց այդ զգացմունքի: Դրա մեջ մտնում են ընդհանուր աժեքները, հայացքները, միանման հետաքրքրությունները և դատողությունները տարբեր թեմաների շուրջ:
Շատ կարևոր է, թե որքանով են համընկնում ձեր պատկերացումները կյանքի մասին, ինչպիսի ապագա եք պատկերացնում ձեզ համար: Նախքան ամուսնության որոշում կայացնելը մտածեք, թե ինչն է ձեզ կապում' բացի սիրուց:
Մոլորություն 2-րդ. Հակառակ բևեռներն իրար ձգում են:
Սա ամենաողբերգական մոլորություններից է, որը ոչ քիչ ընտանիքներ է քայքայել: Ըստ այդ տեսակետի' տարբեր հատկանիշների ու խառնվածքների տեր մարդիկ լրացնում են իրար, կազմում յուրահատուկ ամբողջություն, որոնցից մեկը որոշակի գնահատելի գծեր ունի, մյուսը' այլաբնույթ որակներ: Ստացվում է հակադրամիասնություն, հետաքրքիր զույգ:
Բայց դա կարող է «աշխատել» միայն սկզբում, երբ նոր մարդը, ով նման չէ ձեզ ամբողջությամբ, գրավում է ձեր ուշադրությունը և տպավորվում հենց նրանով, որ տարբերվում է ձեզնից:
Սակայն, ժամանակի հետ պարզվում է, որ տարբեր բնավորությունների ու կենսակերպի տեր մարդիկ չեն կարող ապրել մեկ հարկի տակ: Չի կարող, օրինակ, գիշերային ժամերին ակումբներում «տժժալու» սովոր տղան մերվել մի աղջկա հետ, ով սիրում է երեկոները տանն անցկացնել:
Մոլորություն 3-րդ. Սեքսը երջանիկ հարաբերությունների հիմքն է:
Առանց սեքսի երջանիկ ընտանիք, լիարժեք հարաբերություններ չեն կարող լինել, դա հաստատ է: Բայց դա չի նշանակում, որ զուգընկերներին բավարարող ինտիմ կյանքը կարող է փոխարինել մնացած ամեն ինչին: Եթե ամուսնու և կնոջ միջև բացակայում են վստահությունը, փոխըմբռնումը և հոգևոր միասնությունը, ապա միայն լավ սեքսի միջոցով ամուսնական կապը երկար «չի ձգի»:
Մոլորություն 4-րդ. Եթե սեր կա, դրամի մասին կարելի է մոռանալ:
Մեծ սիրո և ռոմանտիկայի հանդեպ հակվածության դեպքում կարելի է աչք փակել ֆինանսական դժվարությունների առջև: Բայց միայն առժամանակ: Հետո անխուսափելիորեն կսկսկվեն դժվարությունները' մշտական հոգսեր ծայրը ծայրին հասցնելու համար, որոնք կարող են կործանարար լինել նույնիսկ ամենախորը զգացմունքային կապով ստեղծված հարաբերությունների համար:
Ֆինանսական խնդիրները «գրավում» են այն տարածքը, որն անհրաժեշտ է միմյանց հանդեպ ուշադրություն ցուցաբերելու համար: Խոսքը անսպառ հարստության մասին չէ, այլ կայուն եկամուտի, որը պարտադիր պայման է և անհրաժեշտ է ամուր ամուսնական կապի համար:
Մոլորություն 5-րդ. Մարդիկ ժամանակի հետ սովորում են իրար:
Բնավ: Մարդիկ ամենևին էլ չեն սովորում իրար, այլ հակառակը' հոգնում են մշտապես իրենց կողքին գտնվող «երկրորդ կեսից»: Եվ այդ ժամանակ այն բացասական հատկանիշները, որոնք նյարդայնացնում են ձեզ, ավելի ակնառու են դառնում և նման են կարմիր փալասի ցլերի համար: