Դուք միասին ապրում եք բավականաչափ երկար և վստահում եք իրար, ինչպես սեփական անձին: Բայց հանկարծ նրա պահվածքում անսպասելի փոփոխություններ եք նկատում, և տագնապը պարուրում է ձեզ' «Նրա կյանքում այլ կին է հայտնվել»…

 

Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները

 

Երբեմն պարզվում է, որ դա իսկապես այդպես է, երբեմն էլ իրականությունն ամենևին այլ է լինում: Ինտուիցիան (ներըմբռնումը) զորեղ գործիք է, և արժե վստահել դրան, բայց դուք, իմաստուն կին լինելով, պետք է իմանաք տղամարդու անհավատարմությունը վկայող «հավաստի» նշանները, որոնք ուսումնասիրելու դեպքում չեք սխալվի եզրահանգումների մեջ:

 

Նշաններ, որոնք չպետք է անտեսել


Նա սկսել է ավելի շատ հետևել իրեն: Ձեր տղամարդուն առանձնապես բնորոշ չի եղել իր արտաքինի, հագուստի նկատմամբ ուշադիր վերաբերմունքը: Հինգ տարվա վաղեմության սովորական մարզաշապիկը նրա մշտական «ուղեկիցներն» էին տանը: Եվ հանկարծ նա կտրուկ փոխում է իր վերաբերմունքը արտաքին տեսքին: Սկսում է մոտավորապես այսպիսի հարցեր տալ' «Տեսքս ոնց է», «Կոստյումս շատ հնաոճ չի, չէ», «Ինչ փողկապ ընտրեմ»:

 

Հանկարծ նա գալիս է եզրակացության, որ ժամանակն է զբաղվել մարզանքով, ձգել մկանները և վերադարձնել մարմնի երբեմնի մարզավիճակը: Սովորականից երկար է կանգնում հայելու առջև' ինչ-որ բան մտածելով: Կամ' սկսել է ավելի հաճախ այցելել վարսավիրանոց, վազում է առավոտները կամ սպորտդահլիճ է հաճախում: Իրեն թանկարժեք օծանելիք է գնել, նոր ներքնազգեստ… Եվ այդ կապակցությամբ արված ձեր զարմացական արտահայտություններին ի պատասխան կամ լռում է, կամ էլ ասում' «Բայց չէ որ ինչ-որ մի օր պետք էր սկսել ավելի շատ հետևել ինքս ինձ: Համ էլ' այս ամենը քեզ համար է»:

 

Ի դեպ, կտրուկ փոփոխությունները կարող են կապված լինել ոչ միայն արտաքին տեսքի, այլև առողջության հետ: Տղամարդն անսպասելիորեն սկսում է հետևել' նորմալ է արդոք իր ճնշումը, արյան անալիզ է հանձնում /ապահովության համար/, վիտամիններ է ընդունում տոկունությունը մեծացնելու համար, օգտագործում է շամպուն /կրեմներ/ մազաթափության դեմ:

 

Գաղտնի հեռախոսազրույցներ է ունենում

 

Երբ զնգում է բջջային հեռախոսը, նա դուրս է գալիս սենյակից և կիսաձան խոսում ինչ-որ մեկի հետ: Եվերբ հարցնում եք, թե ով էր, ինչ-որ բան է մրթմրթում բանակային հին ընկերոջ կամ գործընկերոջ մասին: Կամ էլ պարզապես նյարդայնանում է ու պահանջում «քիթը չխոթել» իր գործերի մեջ, որոնցից բացարձարակապես գլուխ չեք հանում: Այո, որոշ տղամարդկանց համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Նրանք կարող են հարձակման անցնել նաև նմանատիպ արտահայտություններով' «Դու որ ժամերով խոսում ես մորդ կամ ընկերուհիներիդ հետ, ես բան ասում եմ»:

 

Համենայն դեպս, նմանատիպ խոսակցությունները տղամարդկանց պարագայում միշտ ինչ-որ բան նշանակում են:

 

Նրան սովորականից ավելի քիչ եք տեսնում


Շաբաթվա մեջ ուրբաթ օրը նա սկսել է պարտադիր շախմատ խաղալ… Կամ արդեն երկրորդ շաբաթն է' սովորականից ավելի երկար է աշխատում: Հանկարծ սկսել է գործուղումների մեկնել, որոնք առաջ չկային: Ասում է, թե աշխատավայրում իրեն ուղղակի հեղեղել են գործերով' չնայած դա աշխատավարձի վրա ոչ մի կերպ չի անդրադառնում: Նույնիսկ հակառակը. նա սկսել է ավելի քիչ գումար տալ կամ էլ վերջին շրջանում ընդհանրապես չի տալիս: Առաջին անգամ այսքան տարվա մեջ խոսում է արձակուրդն առանձին անցկացնելու մասին…

 

Թաքուն sms (էլ.նամակ) է ուղարկում

 

Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները

 

Նույնը վերաբերում է և էլեկտրոնային փոստին: Ընդհանրապես նա սկսել է երեկոյան ավելի երկար նստել համակարգչի առջև կամ փակվել զուգարանում' բջջային հեռախոսը ձեռքին: Մի հուսադրեք ձեզ նրանով, թե պարզապես խաղ է խաղում: Փորձեք աննկատ մոտենալ նրան, երբ հերթական անգամ տարված է իր «խաղով»: Կնկատեք նրա վայրկենական ռեակցիան (հակազդեցությունը)' ջղաձիգ պահվածք, անհանգիստ հայացքներ կամ' ընդհակառակը' անսպասելի զայրույթի պոռթկում: Տղամարդը չի սիրում «բռնվել դեպքի վայրում»:

 

Անընդհատ քննադատում է ձեզ

 

Նախկինում նա համբերատար էր ձեր թերությունների նկատմամբ: Բայց վերջին շրջանում նրա համբերատարությունը ինչ-որ տեղ կորել է: Նա կառչում է ցանկացած մանրուքից: Մեկ չափազանց երկար եք զբաղեցնում լոգասենյակը, մեկ ճաշն եք չափից դուրս աղի պատրաստել, մոռանում եք հիշեցնել կարևոր զանգերը… Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե նա պարզապես առիթ է փնտրում վեճ սկսելու համար…

 

Իսկ միգուցե հենց այդպես էլ կա… Չէ որ վիճաբանությունից հետո տղամարդը պարտավոր չի լինի բացատրել, թե ուր է անհետանում գիշերով: Բացատրութունն այն է, թե դուք եք հասցրել նրան այդ վիճակին:

 

Չափազանց հոգատար է դարձել

 

Դա անհավատարիմ տղամարդու մյուս ծայրահեղությունն է: Օրինակ' հանկարծ սկսել է առանց առիթի ծաղիկներ նվիրել, պատրաստել ձեր սիրած կերակրատեսակը (եթե սեր ունի խոհանոցի նկատմամբ), լսում է ձեր խնդրանքները, փորձում ընդառաջ գնալ ցանկություններին… ընդհանրապես անում է գրեթե ամեն ինչ, ինչ խնդրում եք: Եթե ձեզ մոտ դեռ մեղրամիս չէ, ուրեմն' զգույշ եղեք…

 

Նման ձևով տղամարդիկ «ծածկում են» իրենց մեղքի զգացողությունը: Մի բան միայն կարող է մխիթարել ձեզ. այն, որ նա մեղքի զգացում ունի: Դա նշանակում է, որ նա ձեր հանդեպ անտարբեր չէ: Այդպես, համենայն դեպս, պնդում են հոգեբանները:

 

Փոխվել է անկողնում

 

Նա ավելի կրքոտ ու «հնարամիտ» է դարձել, դուք չեք կարողանում հավատալ, որ առաջվա ձեր ամուսինն է: Ձեզ ավելի հաճախ է ցանկանում և' ամենաանկանխատեսելի տեղերում: Նրա աչքերը փայլում են' արտահայտելով կիրք ու հափշտակվածություն:
Կամ' այլ տարբերակ. նա ընդհանրապես դադարել է սիրով զբաղվել: Պատճառաբանում է հոգնածությունը, սթրեսը աշխատավայրում… ինչ ասես, միայն թե չքնի ձեզ հետ: Հաճախ մնում է մինչև ուշ գիշեր, մինչև դուք քնեք, և միայն այդ ժամանակ է զգուշորեն մտնում անկողին:

 

Առաջին տարբերակն, իհարկե, ավելի հաճելի կլինի ձեզ համար, բայց այն ոչ պակաս վտանգավոր է: Սեքսի հետ առնչվող ցանկացած կտրուկ փոփոխություն ձեզ պետք է զգոնության մղի: Դրանք պատահական չեն լինում:

 

Տղամարդու անհավատարմությունը վկայող ակնհայտ նշանները

 

Նա միշտ անտրամադիր է

 

Վերջին շրջանում նա տարօրինակ կերպով ճնշված է, ինքնամփոփ… Տպավորություն է ստեղծվում, թե նա ձեզ հետ է և «ձեզ հետ չէ», իսկ դուք պատճառն եք նրա լարվածության: Եթե փորձեք հարցնել' ինչ է պատահել, նա հստակ ոչինչ չի պատասխանի: Իհարկե, հնարավոր է, որ նման պահվածքը կապված է աշխատանքային խնդիրների հետ, բայց հաճախ էլ դա հետևանք է լուրջ արտամուսնական կապի' այլ կնոջ հետ: Դուք բառի բուն իմաստով խանգարում եք նրան, և դա նյարդայնություն է առաջացնում:

 

Այս դրսևորումը սովորաբար ամենալուրջն է և բազմանշանակը: Պետք չէ միանշանակ եզրահանգումներ անել' հիմնվելով միայն նման վարքi վրա, բայց անտեսել էլ այն չի կարելի:

 

Ի՞նչ անել, եթե ձեր սիրելին դավաճանել է

 

Նախևառաջ' մի մեղադրեք ձեզ:
Թույլ տվեք ձեր զգացմունքներին դուրս ժայթքել: Առողջ չարացածությունն ավելի լավ է, քան ցավագին ափսոսալն ու վշտանալը:
Քննարկե'ք ձեր իրավիճակը նրա հետ, ում վստահում եք: Ավելի է հեշտ է խնդրի լուծման համար ուժեր հավաքել այն ժամանակ, երբ մենակ չեք:
Փոխվեք, այլ գույն ներկեք մազերը, գնեք նոր հագուստներ: Դուք ավելի ուժեղ և անկախ կզգաք: Նա չպետք է մտածի, թե ձեր աշխարհը ավերակների է վերածվել: