Այսօր հաղորդավար Սուրեն Փահլևանյանը նշում է ծննդյան 28-ամյակը, ինչի առիթով կեսգիշերին նրան առաջինը կինը՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանն է շնորհավորել: Յանան ոչ միայն շնորհավորել, այլև հաճելի անակնկալ է պատրաստել սիրելիի համար:
«Գիշերն արթնացա քնիցս, տեսնեմ սեղանին տորթ, շամպայն ու մոմեր են դրված: Բացի այդ, Յանան նաև նվեր է պատրաստել, թե ինչ՝ դեռ չգիտեմ, տանը փաթեթավորված դրված է, երևի քիչ ուշ կտա,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Սուրենը՝ հավելելով,- շատերն են արդեն հասցրել ինձ շնորհավորել. իմ բոլոր ընկերները, ծանոթներն ու բարեկամները գիտեն, հիշում են, որ այսօր իմ ծննդյան օրն է: Ճիշտ է, նվերներ դեռ չեմ ստացել, բայց շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ շատ են եղել»:
Մեզ հետ զրույցում Սուրենը նշեց, որ ամեն տարի ծննդյան օրվա առթիվ մեծ խնջույք է կազմակերպում՝ ընկերներով, մտերիմներով մի լավ ուրախանում են, բայց այս տարի հոբելյարը քեֆ անելու տրամադրություն չունի: «Սիրում եմ, որ ծննդյանս օրը մեծ խնջույք է լինում ու շատ հյուրեր եմ ունենում, բայց այսօր ոչինչ չեմ անելու: Հորեղբայրս օրեր առաջ է մահացել. երեկ հողարկավորությունն էր, այդ պատճառով այս տարի բացառություն կանեմ, քանի որ խնջույքի տրամադրություն չունեմ»,- նշեց Սուրենը:
Դեռ օրեր առաջ, երբ esyes.am-ն անդրադարձել էր զույգի ամառային հանգստին, Յանան նշել էր, որ իրենց դստեր' Ադելի համար հետաքրքիր նվերներ են բերելու՝ խոստանալով վերադառնալուն պես խոսել այդ մասին: Այսօր հաղորդավարուհին ասաց, որ Ադելի համար տարատեսակ նվերներ են գնել Վրաստանից՝ խաղալիքներ՝ Մաշայի և արջի, խոսող Թոմիի կերպարներով, հատուկ խաղեր, որոնք նպաստում են փոքրիկի զարգացմանն ու մի շարք գեղեցիկ զգեստներ:
«Ես»-ի անձնակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին և Սուրենին նորանոր հաջողություններ մաղթում:
Շնորհավորում եմ. Մերի Պողոսյան