«Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ամռան սկզբին դարձյալ հանդես է եկել որպես դերասանուհի' նկարահանվելով «Նախաճաշ 2-ի համար» կինոկատակերգությունում, որը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 10-ին:
Մինչ այդ, Լուսինեն չի շտապում բացահայտումներ անել իր հերոսուհու մասին, միայն նշելով, որ հերոսուհին' Նոնան, շատ հեռու է իր կերպարից և ոչ մի առումով իրեն նման չէ: Ըստ Լուսինեի' իր հետ ոչ մի ընդհանրություն չունեցող հերոսուհու կերպար ստեղծելը հաջողվել է դերասանական կազմի ու ռեժիսորի օգնությամբ. «Մեկուկես ամիս տևած նկարահանումների ընթացքում խնդիրներ չեմ ունեցել, որովհետև իմ կողքին էին ռեժիսորը և դերասանները»:
Լուսինեից հետաքրքրվեցինք, թե ինչ պայմաններով է համաձայնում նկարահանվել ֆիլմում և ինչո՞վ էր պայմանավորված տևական ժամանակ որպես դերասանուհի մեծ դերերով հանդես չգալը: «Ինձ համար ամենակարևորը սցենարը, դերասանական խումբն ու ռեժիսորն են: Կարող եմ ասել, որ եթե սցենարը հավանում ես, կարողանում ես ինչ-որ առումով մտնել կերպարի մեջ»,- esyes.am-ի հետ զրույցում շեշտեց Լուսինեն և հավելեց, որ ֆիլմերում չնկարահանվելը պայմանավորված էր քաղաքից հաճախ բացակայելով:
Հարցին, թե ֆիլմերում նկարահանվելիս հոնորարների չափին ուշադրություն դարձնու՞մ է, Լուսինեն պատասխանեց. «Որ ասեմ, ուշադրություն չեմ դարձնում, կհավատա՞ք: Իհարկե, դա ևս կարևոր է, սակայն հստակ թիվ չեմ նշի»:
Նշենք, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Երևանում և Մոսկվայում, իսկ Լուսինեն մասնակցել է միայն երևանյան նկարահանումներին:
«Նախաճաշ 2-ի համար» ֆիլմի ռեժիսորը Կորյուն Մայիլն է, ով ֆիլմի շրջանակներում աշխատել է նաև դերասաններ Հարություն Մովսիսյանի, «32 ատամ» ակումբի Զառայի, Զառա Արամյանի, Վարուժան Մանուկյանի, Արթուր Հակոբյանի, Լուսինե Արշակյանի և Աննա Մարտիրոսյանի հետ:
Մինչ ֆիլմի պրեմիերան առաջարկում ենք դիտել դրա անոնսը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը