«Թիվ 5» խմբից հասարակությանը հայտնի դարձած երգիչ Ալբերտ Գրիգորյանն ու կինը' Ստելլա Բարսեղյանը, սպասում են իրենց առաջնեկին: Զույգը մոտ հինգ տարի է, ինչ ամուսնացած է, և բալիկի ծննդյան մասին նորությունը շատ սպասված էր Ալբերտի և Ստելլայի համար:
esyes.am-ի հետ զրույցում Ալբերտը նշեց, որ երեխայի սպասելու մասին լուրն իմանալուց հետո իր կյանքն անմիջապես փոխվեց. «Ես էլ, կինս էլ շատ ենք սպասել այս օրվան ու նորությունն ինձ համար մի քիչ շոկային էր: Այս ամենն ինձ երազ է թվում. կարծես մինչև հիմա էլ չհավատամ: Կարծում եմ' ծնվելուց հետո վերջնական կհավատամ, որ հայր եմ դարձել»:
Ստելլան հղիության վեցերորդ ամսում է. զույգը տղայի է սպասում, թեև ապագա հայրիկը նշեց, որ իր համար երեխայի սեռն էական չէր. «Քանի որ մեր առաջնեկն է, ես շատ չեմ կարևորում երեխայի սեռը: Լավ է, որ տղա է, բայց եթե աղջիկ էլ լիներ, կարևորը երեխա է, կարևորը' մարդու ենք կյանքի կոչել: Ես աղջիկ երեխա էլ եմ շատ սիրում, բայց ուրախ եմ, որ առաջնեկս տղա կլինի»:
Երեխայի համար գնումներ զույգը դեռ չի կատարել. «Փնտրտուքները շատ են, ինչպես նշեցի, երեխայի ծնունդը մեզ համար երկար սպասված է և ինձ համար ամեն քայլը շատ պատասխանատու է: Սպասում եմ աչքովս վերջնական տեսնեմ, որ հավատամ այդ ամենին, նոր սկսեմ գնումներով զբաղվել: Չեմ սիրում նախապես գնումներ անել: Կարծում եմ' ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի: Այժմ դեռ խանութներ ենք այցելում, ինտերնետային խանութներում ենք տարբերակներ նայում, գրանցում, որ ամեն ինչ պարզ լինելուց հետո ժամանակ չկորցնենք և ամեն ինչ շատ արագ կազմակերպենք»:
Ալբերտն այս շրջանում նաև ստեղծագործական նորությունների է պատրաստվում: Շուտով նա հանդիսատեսին կներկայացնի իր նոր երգը, որի հեղինակը Արման Անտոնյանն է:
esyes.am-ը շնորհավորում է զույգին և Ստելլային թեթև ծննդաբերություն մաղթում:)
Շնորհավոոոոոր:) Ամալյա Հովհաննիսյան