Երգչուհի Արփին և թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը սպասում են իրենց առաջնեկին: Արփին հղիության հինգերորդ ամսում է: Աղջնակը, ում ծնողների որոշմամբ կտան Արևիկ անունը,  լույս աշխարհ կգա հուլիսին։

 

ESem.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը հայտնեց, որ միշտ երազել է աղջիկ երեխա ունենալու մասին և այժմ իրեն երջանիկ է զգում: Անվան ընտրությունը մայրիկը բացատրեց մի քանի հանգամանքով: «Նախ՝ Արևիկ անունն իմ անվան հոմանիշն է: Այսպիսով՝ տանը երկու արև կլինի։) Բացի այդ՝ Արևիկ եղել է ամուսնուս տատիկի անունը: Հենց նա է մեծացրել ամուսնուս, ու ես էլ եմ շատ սիրում մեր տատիկին, թեև երբեք չեմ տեսել իրեն»,- ասաց երգչուհին:

 

 

Ըստ երգչուհու՝ մայր դառնալու մասին ավելի շատ գիտակցում է, երբ միայնակ է լինում. «Ես էլ, ամուսինս էլ շատ զգացմունքային ենք ու երկուսիս համար էլ հուզիչ է, որ ծնող ենք դառնալու»: 2012 թվականին ամուսնացած զույգը բալիկ ունենալ երբեք չի պլանավորել, քանի որ ամեն բան թողել են Աստծո կամքին:

 

 

Ապագա մայրիկը նշեց, որ հղիության շրջանից փոքրիկին դաստիարակելուն առանձնապես ուշադրություն չի դարձնում, սակայն ակումբային աշխատանքից հետո տանը նախընտրում է լսել դասական երաժշություն: «Հիմա հաճախ Կոմիտաս եմ լսում և զգում եմ, որ իրեն դուր է գալիս:) Գուցե զուգադիպություն է, բայց այդ ժամանակ ակտիվանում է, զգում եմ իր շարժումները»,- նշեց մայրիկը, ով դեռ գնումներ չի արել փոքրիկի համար:

 

 

Հղիության ընթացքում Արփին շարունակում է աշխատել: Վերջերս նոր տեսահոլովակ թողարկած երգչուհին հայտնեց, որ այժմ իրեն շատ լավ է զգում ու հույս հայտնեց, որ մինչև վերջ էլ այդպես կլինի:

 


Զրուցեց Մերի Պողոսյանը