Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դիսնեյան D23 Expo համաժողովի ժամանակ ներկայացրել է «Մալեֆիսենտա» ֆիլմից հատված, որը «Քնած գեղեցկուհին» հեքիաթի նոր տարբերակն է և որտեղ նա կատարում է չար կախարդի դերը։
Շնորհանդեսին դերասանուհին պատմել է, որ գրիմով նա իսկապես վախենալու տեսք է ունեցել, նրանից վախեցել են բոլոր երեխաները, բացի իր սեփական դուստր Վիվյենից, որը նույնպես նկարահանվել է ֆիլմում, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014թ. հուլիսին, և արդեն իսկ կարելի է ենթադրել, որ կախարդի դերը կդառնա ամենավառ դերերից Ջոլիի կարիերայի ընթացքում։
«Նկարահանման հրապարակ էին բերում փոքրիկ երեխաների, և ես՝ մտածելով, որ դիսնեյան հերոսուհի եմ, մոտենում էի նրանց։ Իսկ երեխաները վախից բղավում էին։ Մի երեխա նույնիսկ ասաց՝ «Մայրիկ, թող այս սարսափելի կախարդն ինձ հետ չխոսի»։ Վիվյենը միակ 4-ամյա երեխան էր, որն ինձանից չէր վախենում»,- պատմել է դերասանուհին։
Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ հայտնի հեքիաթը ներկայացված է բացասական հերոսի՝ Ավրորա արքայադստերը կախարդած վհուկի տեսանկյունից։