Դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարը՝ «Կուտուբիա մզկիթի աշտարակը», որը նա նվիրել էր ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Նկարը վաճառվել է ռեկորդային՝ 11,5 միլիոն դոլարով, հաղորդում է Christie's աճուրդի տան կայքը:
Հաղորդվում է, որ կտավի նախնական արժեքը գնահատվել է 2-3,4 միլիոն դոլար: Աճուրդի տան կայքում տեղադրված գրառման համաձայն՝ նկարը նկարել և նվիրել են Ռուզվելտին 1943 թվականին, այնուհետև ժառանգել է նրա որդին՝ Էլիոտը: Հետագայում այն պատկանում է նաև մի շարք սեփականատերերի և ցուցադրվել է մի քանի ցուցահանդեսներում, իսկ Ջոլի ընտանիքն այն ձեռք է բերել 2011 թբականին: Ըստ Christie's-ի Twitter-ի էջի՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Չերչիլի նկարած միակ նկարն է: TMZ հրատարակությունը գրել է, որ գինը ռեկորդային է բրիտանական պետական գործչի աշխատանքի համար: Նախկինում նրա աշխատանքի ռեկորդային արժեքը կազմում էր մոտավորապես 2,5 միլիոն դոլար:
Կտավում պատկերված է 12-րդ դարում կառուցված Մարոկկոյի Մարաքեշի ամենամեծ մզկիթի մայրամուտը, որի ֆոնին սարեր են: Ենթադրաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետը նկարել է այս նկարը 1943 թվականին՝ Կասաբլանի խորհրդաժողովից հետո, ապա այն որպես հուշանվեր ներկայացրել ԱՄՆ նախագահին: Գնորդի ինքնությունը դեռ հայտնի չէ: