Coty Inc. կորպորացիան հայտարարել է 22-ամյա մոդել, գործարար, Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներին պատկանող Kylie Cosmetics ընկերության 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով գնելու մասին։

Քայլի Ջեներն այս տարի ճանաչվել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատիրուհին, որն իր ունեցվածքն ինքնուրույն է վաստակել։

Coty-ն Ջեների բրենդը 1,2 միլիարդ դոլար է գնահատել։ Գործարքից հետո բրենդը Kylie Beauty կկոչվի։ Բրենդի դեմքը նախկինի պես կմնա Քայլին և կշարունակի աշխատել բրենդի զարգացման և հաղորդակցության (ամենայն հավանականությամբ Instagram-ի իր էջի միջոցով, որտեղ 151 միլիոն հետևորդ ունի) հարցերով։

Coty կորպորացիայի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ խոսվում է Ջեների՝ սոցիալական ցանցերում ունեցած ազդեցության մասին․ Քայլիի անձնական և բիզնես հաշիվներին հետևում է ավելի քան 270 միլիոն օգտատեր։

«Քայլիի երկու բրենդներն էլ՝ Kylie Cosmetics-ը և Kylie Skin-ը, ամենաարագ աճող և ամենագրավիչ բրենդներն են, որոնք զարգանում են սոցիալական ցանցերի միջոցով»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Քայլի Ջեները Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրն է, որը հայտնի է դարձել իրապատում շոուին իր մասնակցությամբ։ 2014 թվականին աստղը շուրթերի ծավալի մեծացման վիրահատության է ենթարկվել, այնուհետև թողարկել Kylie Lip Kits շրթներկների առաջին հավաքածուն, որն ակնթարթորեն վաճառվել է։ Մեկ տարի անց Քայլին ընդլայնել է արտադրությունը և այն Kylie Cosmetics անվանել։

vnews.am