Այս աղցանը կարելի է նմանեցնել բոլորիս հայտնի «Կայսր»-ին, սակայն իրականում նմանությունը միայն տեսքի շնորհիվ է և ոչ համային: Ամենամեծ տարբերակիչն այն է, որ այս աղցանը պասային ուտեստ է:

Անհրաժեշտ մթերքներն են'

հազարի թերթիկներ,

2 լոլիկ,

2 պճեղ սխտոր,

մի քանի կտոր տոստի հաց,

կանաչի,

բուսական յուղ,

ընկույզ

½ կիտրոն,

համեմունքներ, աղ:

Պատրաստման եղանակը.

Հացը խորանարդիկների կտրատել, թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել և կարմրացնել հացի կտորները: Երբ գրեթե պատրաստ լինի, ավելացրեք համեմունքներ, աղ: Լոլիկը կտրատեք փոքր կտորների, կանաչին մանր կտրատեք, իսկ ընկույզը մի փոքր չորացրեք թավայի մեջ: Հազարի թերթիկներն էլ կտրատեք միջին չափսի կտորների: Տաքացրեք յուղը, սխտորը մանրացրեք և լցրեք յուղի մեջ, որ այն իր համն ու բույրը փոխանցի դրան:

Խառնել բոլոր բաղադրիչները, վրան քամել կիտրոնի հյութ, աղ անել և խառնել:

Ափսեի վրա շարեք հազարի թերթիկները, դրանց վրա լցրեք պատրաստի աղցանը: Իսկ մատուցելուց առաջ վրայից լցրեք չորահացերը: Աղցանը պատրաստ է: