Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մայրը աստղի վերջին շրջագայության կազմակերպիչ ընկերության (AEG Live) դեմ դատալսման ժամանակ վստահեցրել է, որ երգիչը չի չարաշահել դեղորայքը, գրում է Tert.am-ը հղում տալով ИТАР-ТАСС-ին։

Պատասխանելով հայցորդի և պաշտպանի փաստաբանների խաչաձև հարցերին՝ Ջեքսոնը հայտնել է, որ «ինքը լսել է լուրեր այն մասին, որ իր որդին օգտագործել է ուժեղ ցավազրկողներ, սակայն երբեք չի տեսել նրան այդ դեղերի կամ ալկոհոլի ազդեցության տակ»։

«Նա իմ որդին է։ Չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ լուրջ բան է եղել։ Երբ որդին հարգում է իր մորը, նա չի ցանկանում, որ մայրն իր մասին վատ մտածի, ամեն դեպքում, նա հերքում էր լուրերը»,- ավելացրել է Ջեքսոնի մայրը։

AEG Live ընկերության փաստաբանները պնդում են, որ միլիոնավոր մարդկանց կուռքը վաղուց խնդիրներ է ունեցել թմրանյութերի հետ և օգտագործել է դրանք պայմանագիրը ստորագրելուց շատ առաջ։

Աղմկահարույց դատական գործընթացը սկսվել է ապրիլին։ Հայցորդ՝ Քեթրին Ջեքսոնը ռեկորդային փոխհատուցում է պահանջում՝ 40 մլրդ դոլար, երգչի չկայացած համերգների համար, որպես ընտանիքի կորցրած եկամուտ, որը կարող էր վաստակել երգիչը ողջ մնալու դեպքում։