Գիտնականները պարզել են, որ երկարատև «պահքը» լավացրել է փորձարկվող մկների աղիների միկրոֆլորան, ինչի արդյունքում նրանց օրգանիզմում փոխվել է նյութափոխանակության բնույթը, իսկ նրանց կյանքը մյուս խմբի մկների համեմատ երկարել է մի քանի շաբաթով: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Nature Communications ամսագրին:
Կարծիք կա, որ դիետայի կալորիականության 30-40% իջեցման դեպքում մեծանում է կյանքի տևողությունը: Սա բազմիցս ապացուցվել է մկների և առնետների վրա արված փորձերում: Սակայն մակակաների և շիմպանզեների վրա արված փորձերը ցույց են տվել, որ այդ արդյունքը կարող է բացակայել կապիկների մոտ:
Շանհայի համալսարանից Լիպին Չժաոն և նրա գործընկերները բացահայտել են նման ֆենոմենի հնարավոր պատճառները, երբ հետևում էին մի քանի մկների կյանքին, որոնց մի մասը պարբերաբար երկար ժամանակով զրկվում էր սննդից:
Հետազոտողները նշում են, որ օրգանիզմի և աղիքների միկրոֆլորայի միջև փոխկապակցվածություն կա. դիետայի փոփոխությունը հանգեցնում է մանրէների կազմի փոփոխության, ինչի արդjունքում փոխվում է նյութափոխանակությունը և իմունային համակարգի աշխատանքի բնույթը: Վերջերս Չժաոն և նրա գործընկերները ցույց են տվել, որ գեր մարդկանց միկրոֆլորայի մանրէները «մաքուր» աղիներով մկների մոտ կարող են առաջացնել ճարպակալում և շաքարախտ:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կյանքի 2-րդ տարում «պահքի» մեջ գտնվող մկների օրգանիզմում գրեթե բացակայում են վտանգ պարունակող մանրէները, սակայն մեծ թիվ են կազմում օգտակար բիֆիդոբակտերիաները և լակտոբացիլները:
Ըստ կենսաբանների, հենց այս փոփոխությունների արդյունքում է, որ սովի մատնված մկները միջունում ապրում էին 20%-ով ավելի երկար, քան մյուսները: