Օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը վերջերս Լոս Անջելեսում մենահամերգ է ունեցել, որի բացառիկ անդրադարձն Արմանը վստահել է «esyes.am»-ին: Արմանը դեռևս ԱՄՆ-ում է, սակայն մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ մենահամերգի առաջարկը ստացել է հոլիվուդյան մեծ կազմակերպություններից մեկի կողմից:

«Այդ կազմակերպությունը զբաղվում է հոլիվուդյան կինո մշակույթը պահպանելով, որպեսզի հոլիվուդյան ֆիլմարտադրությունը չվերանա Լոս Անջելեսից»,- նշեց Արմանը և հավելեց, որ նրանք շատ վաղուց էին ցանկանում իր մենահամերգը կազմակերպել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր:

Ի դեպ, երգչի այս համերգի հաջողությունից հետո տվյալ կազմակերպությունը ծրագրում է ևս մեկ մենահամերգ կազմակերպել' այս անգամ անգամ «Ford Amphitheater» բացօթյա հայտնի համերգասրահում: Արմանի խոսքերով' Լոս Անջելեսի շրջանաձև համերգասրահներից մեկում, որը նման է հունական թատրոնի, կայացած իր համերգին ներկա է եղել 1200 մարդ:

«Հնչեց մի ծրագիր, որը նորություն էր ինձ համար. հիմնականում տարբեր լեզուներով ռոմանսներ էին: Բավականին շատ երգեր կային անգլերենով, քանի որ հանդիսատեսն ամերիկացիներ էին»,- ասաց օպերային երգիչ-դերասանը, որի խոսքերով' այդ օրը հնչել են Էլվիս Պրեսլիի սիրված սիրային երգերը, ինչպես նաև Ֆրանկ Սինատրայի և Բոչելիի կատարումներից:

Արմանը կարևորում է այն փաստը, որ համերգը սկսել է Կոմիտասի ստեղծագործությամբ. «Երգեցի «Բարի արագիլ» երգը ու թեև ամերիկացի հանդիսատեսը չէր հասկանում լեզուն, սակայն շատ էին ցնցվել: Կատարեցի նաև Ջրբաշյանի, Տիգրանյանի, Աճեմյանի երգերից»:

Արմանի փոխանցմամբ' համերգային ողջ ծրագրի ընթացքում իրեն նվագակցել է ջազային հրաշալի նվագախումբ, դաշնամուր, կիթառ, ջութակ և հարվածային գործիքներ: «Պարզապես հաճույք եմ ստացել նման ծրագիր կատարելով: Կարծում եմ' եթե արտիստը հաճույք է ստանում, ապա ժողովուրդն էլ պետք է որ հաճույք ստացած լինի»:

Բացի մենահամերգից, Արմանի ամերիկյան պրոդյուսերը նրան ներկայացրել է որոշ գեղարվեստական սերիալներում ու ֆիլմերում նկարահանվելու համար. «Այս պահին իրավունք չունեմ մանրամասն խոսելու հոլիվուդյան կինոստուդիայի և իմ համագործակցության մասին, բայց կարող եմ ասել, որ հանդիպումներ են տեղի ունեցել, և Հայաստանում հոլիվուդյան որոշ գեղարվեստական կինոսերիալներ և ֆիլմեր նկարահանելու ծրագրեր կան. նրանք պարզապես ցնցված են գնային տարբերություններից»:

Չնայած մի շարք ամերիկյան համագործակցություններին՝ Արմանը շուտով պատրաստվում է Հայաստան վերադառնալ և ավարտին հասցնել իր և Սոս Ջանիբեկյանի համատեղ ներկայացման աշխատանքները, որի ռեժիսորը Արմանի հայրն է' Ժան Նշանյանը: Երգչի խոսքերով' հանգիստ չի լինի մինչև այն ժամանակը, երբ մենահամերգ կունենա նաև Հայաստանում: «Հայ հանդիսատեսը ևս պետք է լսի այս ծրագիրը: Երկու տեսահոլովակ պետք է նկարահանեմ, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, որից հետո կրկին պետք է Հոլիվուդ մեկնեմ»,- հայտնեց զրուցակիցս: