Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն օրերս նկարահանել է իր երկրորդ տեսահոլովակը, որի ռեժիսորը «Կյանքի գինը», «Վերադարձ», «Եղբայրներ» հեռուստասերիալների ռեժիսոր Գրիգոր Վահրամյանն է: Տեսահոլովակի նկարահանումներին ներկա է եղել նաև esyes.am-ը ու այդ մասին բացառիկ անդրադարձը ներկայացնում է ուշադրությանդ :)

«Քո սիրո համար» կոչվող երգը հանրությանն արդեն ծանոթ է, Արման Նշանյանը նշեց, որ այն վերամշակել են ու նորովի ներկայացրել: «Կա մի երգացանկ, որը տարիներ շարունակ հուզել է մարդկանց և ռաբիս չէ: Սա հին երգ է, որ մենք վերամշակել ենք: Վերամշակումը Մուրզոն է արել (նկատի ունի երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանին, հեղ.): Շատ գեղեցիկ ու լավ աշխատանք է ստացվել»,- ասաց Արմանն ու չբացառեց, որ հնարավոր է՝ նման երգերի շարք ներկայացնի:
«Գոյություն ունի հասարակական (կոմերցիոն) երաժշտություն, որը հիմա շատ ընդունված է: Այս իրավիճակում շատ դժվար է պահպանել որակ, միաժամանակ՝ պահանջարկ ունենալ: Սակայն մի գիծ կա, որից ներքև որպես երաժիշտ և արվեստագետ ես չեմ կարող լինել: Կարծում եմ՝ սա այդ սահմանագծին գտնվող մի երգ է»,- նշեց Արմանը: Երգիչն ինչպես նախորդ՝ «Գնա» երգի, այնպես էլ այս դեպքում գերադասել է երգը մոդեռն տարբերակով ներկայացնելը:

Երգչի առաջին տեսահոլովակի որոշ տեսարաններ նրա տանն էին նկարահանվել: Այս անգամ ևս նկարահանումների վայր է ընտրվել Արմանի տունը, սակայն, ըստ նրա, տեսարանների նմանության և կրկնության վտանգ չկա. «Մենք հերոսի տուն էինք փնտրում, Գրիգորն առաջարկեց, որ իմ տանը նկարահանենք: Ես ասացի, որ առաջին տեսահոլովակումս օգտագործել ենք տունս, սակայն նա պնդեց, որ այս անգամ էլ իմ տանը նկարահանենք, քանի որ նախորդ անգամ տունն ամբողջությամբ չէր երևացել և, օրինակ, ինքը չէր էլ հասկացել, որ դա իմ տունն է: Բացի այդ, այն շատ հետաքրքիր վայր է»:
Անդրադառնալով տեսահոլովակի սյուժեին՝ Արմանը նշեց, որ սյուժե ունենալը շատ հեշտ է, առավել բարդ գործընթաց է հոգեվիճակ փոխանցելը: «Սա կինո չէ, այլ մի հոգեվիճակ, որով դու կարող ես ապրել, շնչել, քնել, արթնանալ: Ով ունեցել է սեր, որը ցանկացել է, ունեցել կամ կորցրել, կհասկանա այդ հոգեվիճակը,- ասաց Արմանն ու նշեց, որ այս հոգեվիճակն արտահայտում է նաև իր ապրածը: -Ես միշտ կա՛մ ցանկանում եմ, կա՛մ զգում եմ, կա՛մ կորցրել եմ սեր»:

Արմանն իր առաջին տեսահոլովակը հանդիսատեսին ներկայացրել էր աշնան սկզբին: Այսքան ժամանակ նոր երգով չներկայանալը երգիչը բացատրում է հեռուստատեսությունում ունեցած զբաղվածությամբ: Սակայն «Եղբայրներ» հեռուստասերիալից հետո Արմանը սերիալներում նկարահանվելու ցանկություն չունի. «Այսօրվա դրությամբ սերիալներում նկարահանվում են փողոցից բերված դերասանները, իսկ պրոֆեսիոնալները կարծես ոլորտում տեղ չունենան: Ինչպես հասկացա, ժողովուրդը գերադասում է էկրաններին փողոցից բերված մարդկանց տեսնել, ոչ թե իրական դերասանների, քանի որ եթե հեռուստատեսությունը ոչ պրոֆեսիոնալ դերասաններով ռեյթինգ է ապահովում, նշանակում է' ժողովուրդը համաձայն է դրան: Ես ուղղակի խնդրում եմ ժողովրդին' մի՛ ընդունեք այդ անորակությունը, եղե՛ք իրական արվեստագետի թիկունքին, որովհետև իրական արվեստագետը ձեր թիկունքին է: Բացի այդ, արվեստագետները պետք է ապրեն ապագայի շնչով, իսկ ապագայի շունչն այսօրվա դրությամբ բազմասերիանոց ֆիլմն է, ոչ թե սերիալը»:
Արմանն այս շրջանում բազմասերիանոց ֆիլմի և հաղորդումների առաջարկներ է ներկայացրել տարբեր հեռուստաընկերություններ: «Դրանք լուրջ թեմաներով են: Շատ եմ կարևորում ոչ միայն գումար աշխատելն ու զվարճացնելը, այլև երիտասարդությանն ուսուցողական բնույթի ինչ-որ բան մատուցելը: Կարծում եմ' դա ցանկացած հեռուստաընկերության պարտականությունն է,- ասաց դերասանն ու հավելեց, որ հեռուստասերիալում նկարահանվել կրկին կհամաձայնի, եթե սցենարիստի, պրոդյուսերի և իր տեսակետներն ու աշխարհայացքը համընկնեն աշխատանքում: -Պետք է հասկանամ, թե դա առաջին հերթին ինչ կինո է, ոչ թե սերիալ, որովհետև կար «Կյանքի գին», «Վերադարձ» և «Եղբայրներ»: Դրանից հետո և առաջ կար պարզապես սերիալ: Ե՛վ նկարահանման, և՛ նպատակային, և՛ իմաստային որակով սրանք այլ էին: Ես չեմ ուզում մտնել գործի մեջ, որովհետև ինձ դրա համար որոշակի գումար են տալու և դա ռեյթինգային է լինելու: Ավելի լավ է ես սոված մնամ, սակայն այդ գործի մեջ չմտնեմ»:

Անդրադառնալով առաջիկա նորություններին՝ Արման Նշանյանը esyes.am-ին հայտնեց, որ այժմ զբաղված է թատերական ներկայացման բեմադրությամբ: Ներկայացման գլխավոր դերերում ինքն ու Սոս Ջանիբեկյանն են լինելու, իսկ բեմադրող ռեժիսորը՝ հայրը՝ Ժան Նշանյանն է: Երգչից տեղեկացանք նաև, որ Վահրամ Պետրոսյանն իր համար նոր երգ է գրել, որը հավանաբար կներկայացվի հաջորդ «Եվրատեսիլի» համար. «Շատ խորը և լավ երգ է ու նորություն հայկական երգարվեստում»: