«Կինը դրախտ է' աչքերի, կրակ' գրպանի և դժոխք' հոգու համար»,- ասում է իսպանական ասացվածքը: Առհասարակ կանանց մտածելակերպի անտրամաբանական լինելու մասին շատ առածներ կան: Կանանց են վերագրում աշխարհի ամենաանտրամաբանական, միաժամանակ ամենախելացի որոշումները: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ մեծերն իրենց ասույթներում ոչ միայն գովաբանում են կանանց, այլև փնովում: Իսկ ամենապարադոքսալն այն է, որ նույնիսկ մեծերը վատաբանում են կանանց և մեծարում մայրերին, կարծես նրանք միևնույն էակը չեն :): Բալզակն ասել է, թե ազգի ապագան մոր ձեռքերում է, սակայն նույն Բալզակին են պատկանում հետևյալ խոսքերը. «Կանայք իրենց հատուկ մտածելակերպի շնորհիվ կարողանում են տեսնել միայն թերություններ' տաղանդավոր մարդու մեջ և միայն առավելություներ' հիմարների մեջ»: Հետաքրքիր է, չէ՞, դե արի ու հասկացի…
Կանանց մասին նմանօրինակ դիտարկումներ շատ տղամարդիկ են անում. նրանք կանացի մտածելակերպը առեղծվածային, երբեմն էլ' անտրամաբանական են համարում: Այ այստեղ էլ հարց է առաջանում' իրականում կանա՞յք են առեղծվածային, թե՞ տղամարդիկ, սակայն տղամարդկանց մտածելակերպի անտրամաբանական լինելու մասին կխոսենք մեկ այլ առիթով, այս անգամ հայտնի տղամարդկանց հետ զրուցել ենք կանանց մտածելակերպի առեղծվածային լինելու մասին: Պետք է նշեմ, որ զրուցակիցներս բավականին կնամեծար էին, նրանք չէին փնովում կանանց' խորհրդավորությունը համարելով հետաքրքրության, իսկ խոսքի և մտքի անհամապատասխանությունը' հուզականության գրավական:
«Կինը շատ պարզ էակ է, ինչպես և տղամարդը,- կարծում է դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, ում համոզմամբ' երբեմն վախերի պատճառով ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ կարող են անել այնպիսի բաներ, որոնք հնարավոր է' անհասկանալի թվան: -Ուղղակի նրանք երբեմն վախենում են լսել այն պատասխանը, որը կարող է նրանց դուր չգալ: Այդ իսկ պատճառով երբեմն կանայք խաղեր են խաղում. նրանք վախենում են իրենց զգացմունքներին համապատասխան վերաբերմունք չստանալ տղամարդուց»:
Արմանը համամիտ չէր տարածված այն կարծիքին, որ կանայք հանելուկային են, երբեմն էլ անտրամաբանական. «Կնոջ պես խելացի, խորը, զգացմունքային էակ չկա աշխարհի երեսին: Եթե սա լիներ տղամարդու աշխարհ, ապա նրա ամենազորեղ թուլությունը կինը չէր լինի: Այն, ինչ տղամարդն անում է, անում է կնոջ համար: Ամենահզոր տղամարդու կյանքում երբ հայտնվի գեղեցիկ, խորը կին, նա կդառնա աշխարհի ամենաթույլ մարդը»:
«Կանանց պետք չէ հասկանալ, նրանց պետք է սիրել»,- կարծում է հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը: Վերջինս ուրախ է, որ 21-րդ դարում էլ առեղծվածներ կան, իսկ կանանց առեղծվածային լինելը պայմանավորում է նրանց գերհուզականությամբ և կին լինելով: Թեպետ, ըստ Ավետի, այդ առեղծվածային ասվածն էլ հարաբերական է: Հաղորդավարի համոզմամբ' կանանց' առեղծվածային լինելն ինչ-որ առումով լեգենդ է դարձել, քանի որ դա շատ է շահարկվում: «Առեղծվածային լինելը պայմանավորված է այն հանգամանքով, որ երբեմն կանանց խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար: Առեղծածը լավ բառ է, դեմ չեմ, որ գործածվի, սակայն դա ինչ-որ առումով լեգենդ է դարձել: Քանի որ տղամարդն է ձգտում հասնել կնոջը, ամեն կերպ փորձում է հասկանալ նրան, որպեսզի կարողանա հասնել, սակայն նրանց պետք է ուղղակի սիրել :)»:
«Կանանց պետք չէ հասկանալ, նրանց զգալ է պետք, քանի որ կանայք շատ հուզական էակներ են»,- այս կարծիքն ունի դերասան Աբել Աբելյանը: Ըստ նրա' կանանց կարելի է ճանաչել մեքենա վարելու ձևից. նրանք նախ' թեքվում են, ապա' նայում ձախ, տղամարդիկ' հակառակը. նախ' նայում են, հետո' թեքվում: «Այս դեպքերում ուղղակի բախտն է ժպտում կանանց, որ վթարի չեն ենթարկվում :) Երբեմն տղամարդիկ մտածում-մտածում են, իսկ կանայք առանց մտածելու ինչ-որ քայլ են անում և պարզվում է, որ դա շատ ճիշտ էր,- ասաց Աբելն ու երևույթը բացատրեց կանանց ինտուիցիայով: - Դա մարդկային ֆենոմեն է, որը լրացնում է բանականությանը և օգնության հասնում տղամարդկանց»: Ըստ դերասանի' կանայք հենց իրենց տեսակով են գրավիչ, և աշխարհն անհետաքրքիր կլիներ, եթե չլինեին կանայք իրենց առեղծվածայնությամբ :):
Հ.Գ. Լավ է, որ մեր հայտնիներն ըստ արժանվույն են գնահատում կանանց :) Գաբրիել Գարսիա Մարկեսն իզուր չի ասել.«Եթե ինչ-որ բանի մեջ կնոջ մատը խառն է, ապա ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ համար պարզից էլ պարզ է, որ կանայք են կառավարում աշխարհը :)»:
Սիրեք մեզ այնպիսին, ինչպիսին կանք :) Ամալյա Հովհաննիսյան