Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Galaxy S4 սմարթֆոնի ջրակայուն և փոշեդիմացկուն տարբերակը, որը ստացել է Active անվանումը, հայտնում է tert.am-ը` հղում տալով  Вести-ին։

Նորացված մոդելն ունի նոր կորպուս, որը կարող է դիմադրել սմարթֆոնների համար կործանարար միանգամից 2 տարերքի՝ ջրին ու հողին։ Այլ կերպ ասած՝ այն չի ենթարկվում ջրի ու փոշու ազդեցությանը։ Բացի այդ, սմարթֆոնը կարողանում է նկարել ոչ շատ մեծ խորության վրա։

Samsung-ի ներկայացուցիչները նշել են, որ Galaxy S4 Active-ը նախևառաջ նախատեսված է էքստրեմալ հանգստի սիրահարների և ակտիվ կենսակերպ վարողների համար։ Նման սմարթֆոնն առանց անհանգստանալու կարելի է տանել լողափ, թողնել լողավազանի կողքին և նույնիսկ անձրևի տակ։

Ինչ վերաբերում է հեռախոսի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 8 մեգապիքսելանոց Aqua տեսախցիկ, 12.7սմ անկյունագծով Full HD էկրան, քառամիջուկ պրոցեսոր՝ 1.9 ԳՀց հաճախականությամբ։ Հեռախոսը գործում է Android 4.2.2 օպերացիոն համակարգի հիման վրա։ Galaxy S4 Active-ի վաճառքն ԱՄՆ-ում կսկսվի այս ամռանը։

Ավելի վաղ ջրակայուն և փոշեդիմացկուն սմարթֆոն էր (Experia Z) ներկայացրել ճապոնական Sony ընկերությունը։