Երգիչ Էրիկի մոտ աշխատանքային բուռն շրջան է. նա վերջերս է վերադարձել համերգային շրջագայությունից, գրեթե ավարտել է նոր ձայնասկավառակի աշխատաքները, իսկ հունիսին կներկայացնի նոր տեսահոլավակ:
esyes.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց, որ ձայնասկավառակի աշխատանքներն ավարտական փուլում են: «Երգերի ձայնագրությունն արդեն վերջացրել եմ, մնացել են դիզայնի հետ կապված հարցերը: Ամենայն հավանականությամբ, ալբոմն «Առաջին ու միակ» կկոչվի, սակայն դեռ մտածում եմ այդ մասին և վերջնական որոշում չեմ կայացրել»,- ասաց երգիչն ու հավելեց, որ ձայնասկավառակում նվազագույնը տասը երգ է լինելու: Ընդգրկված են ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր երգեր:

Հունիսին սպասվում է Էրիկի նոր տեսահոլովակը, սակայն երգիչը չցանկացավ նշել, թե որ երգի հիման վրա է այն նկարահանվելու, քանի որ ցանկանում է անակնկալ մատուցել երկրպագուներին :) Այնուամենայնիվ, երգչից տեղեկացանք, որ երգն արդեն ծանոթ է հասարակությանը և հասցրել է սիրվել:
Էրիկը պատմեց նաև վերջին շրջագայության մասին, որին մեկնել էր Լիլիթ Հովհաննիսյանի, Վահրամ Պետրոսյանի, Միհրան Ծառուկյանի, Սոֆի Մխեյանի, Գուրգեն Դաբաղյանի, Հայկոյի և Մկոյի հետ: Նրանք հանդես են եկել Ռուսաստանի տասներեք քաղաքում: «Առաջին անգամ չէի նրանց հետ շրջագայության մեկնում. Սոֆիի, Լիլիթի և Վահրամի հետ շատ-շատ տեղերում ենք եղել, Գուրգենի հետ մանկուց ենք մտերիմ, Միհրանը ևս իմ մտերիմ ընկերն է, թեև իր հետ հեռու ճանապարհ չէի գնացել: Ինձ համար Հայկոն ու Մկոն էին բացահայտում. նախկինում նրանց հետ շփվել եմ, բայց մտերիմ չենք եղել: Այս շրջագայությունից հետո շատ ենք մտերմացել. նրանք շատ լավ մարդ են,- ասաց Էրիկը, իսկ հետնաբեմյան կյանքի մասին հետևյալն ասաց,- շատ մտերմիկ միջավայր էր' մեկս մյուսին օգնում էինք, աջակցում, ինչպես լինում է մեծ ընտանիքներում»:

Հուլիսին նախատեսվում է նաև Էրիկի ելույթը «Նոր ալիք» մրցույթում, քանի որ դրա կարգը փոխվել է և այսուհետև երկրի հիթը միայն տվյալ տարվա մասնակիցը չի ներկայացնելու: Ըստ նոր կարգի' մասնակիցները երգելու են իրենց երկրի նախորդ ներկայացուցիչներից մեկի հետ' վերջինի լավագույն կատարումներից մեկը: Տվյալ դեպքում' «Նոր ալիք 2013»-ին Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը 2011 թվականին մրցույթում հանդիսատեսի համակրանքին արժանացած Էրիկի հետ երգելու է Առնո Բաբաջանյանի «Твои следы» երգը:
Նշենք, որ առաջիկայում Էրիկը նախատեսում է համերգային երկու ծրագրով հանդես գալ ԱՄՆ-ում:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը