Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն աշնանը կամուսնանա: Նառայի ընտրյալը Հովոն է, ում հետ նա ընկերութուն է անում ավելի քան տասը տարի, երեք տարի առաջ զույգը նշանադրվել է, սակայն հարսանիքն անընդհատ ձգձգվում է: «Մի դար միասին ենք :) Բնակարանի և ֆինանսական ինչ-ինչ խնդիրներ կային, որոնց պատճառով ամուսնությունն անընդհատ ձգձգվում էր ու եկավ հասավ մինչև հիմա: Այս անգամ, սակայն, հաստատ չի հետաձգվի, քանի որ այլևս չի կարող չլինել»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Նառան:
Զույգի ծանոթությունը շատ հետաքրքիր է կայացել, ինչպես Նառան նշեց՝ իր մոտ ամեն ինչ տարօրինակ է լինում:) «Հեռախոսով ենք ծանոթացել: Ես զանգահարեցի իրենց տուն, քանի որ դա իմ սիրելի համարն է՝ իմ ծննդյան թվերով: Այդ պահին ոչինչ չունեի անելու, զանգեցի ու իրենց տուն միացա: Հովոն վերցրեց ու շատ խմած ասաց՝ վայ ազիզ ջան, ինչ լավ ձայն ունես, երգե՞մ քեզ համար, ասացի՝ երգի :) Էդպես ծանոթացանք, իհարկե, ես անունս չէի ասել, ասել էի՝ իբր Իվետա է: Իվետան մեր հարևանուհին էր, ուղղակի անունը յուրահատուկ էր, դուրս եկել էր, ասացի: Տան տեղը ևս սխալ էի ասել: Այդ օրը խոսեցինք և վերջ: Մի շաբաթ անց մեր տուն զանգ եկավ, վերցրեցի, ներկայիս նշանածս ասաց՝ հիմա դու Նառա՞ն ես, Մառա՞ն, թե՞ Կառան: Այդ պահին վախեցա: Հետո պարզվեց, որ ինքը մի շաբաթ բոլորին իրար էր խառնել, հետո «ատեես»-ի միջոցով պարզել էր համարն ու գտել ինձ,- պատմեց Նառան ու հավելեց, որ դրանից հետո իրենք յոթ ամիս խոսել են հեռախոսով, սակայն չեն հանդիպել: -Յոթ ամիս անց՝ հունիսի 7-ին հանդիպեցինք, քանի որ յոթ ամիս մեկի հետ խոսելն ու չտեսնելն աբսուրդ է»:
Դերասանուհու խոսքերով՝ այն ժամանակ ինքը տասնինը տարեկան էր, իրենք ընկերական էին խոսում և այդ ընթացքում ինքը չէր մտածում, որ Հովոն իր կյանքի ընկերն է դառնալու. «Արդեն սովորություն էր դարձել, կապվածություն: Առավոտից երեկո խոսում էինք: Սակայն առաջին հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց: Այդ օրվանից ի վեր չի եղել, որ բաժանվենք, անգամ մի օր չի եղել, որ չխոսենք իրար հետ:)»:
Հովոյի և Նառայի ամուսնության օրը դեռ որոշված չէ: Եռանդուն Նառան հստակ գիտի, որ ամուսնության օրը հետաքրքիր մի բան է կազմակերպելու, թեև դեռ հստակ չգիտի՝ հարսանիք, որպես այդպիսին, կլինի՞, թե՞ ոչ. «Հարսի զգեստ անպայման հագնելու եմ, թեև դեռ չեմ ընտրել՝ ինչպիսին է այն լինելու: Դեռ չի եղել այնպիսի զգեստ, որը տեսել եմ ու մտածել, որ հաճույքով կհագնեի ու դրա համար հաստատ արժեր հարսանիք անել: Գուցե շատ չեմ նայել, դա է պատճառը: Առայժմ ստույգ չեմ մտածել, թե ինչ է լինելու, այդ իսկ պատճառով դեռ չեմ զբաղվում հարսանեկան զգեստի ընտրությամբ և այլ հարցերով»: