Թայվանական Formosan Civet Coffee ընկերությունը Ճապոնիայում բացել է իր ներկայացուցչությունը՝ աշխարհում ամենաթանկ սուրճի՝ «Կոպի Լյուվակ»-ի վաճառքով զբաղվելու նպատակով։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, ընկերությունը վաճառքի է հանել Formosan Civet Coffee Luxury Collection սուրճի էքսկլյուզիվ շարքը, որոնց տուփերը զարդարված են ոսկեգույն, սև, սպիտակ և կարմիր գույնի Swarovski-ի բյուրեղներով։
Տուփերից յուրաքանչյուրում լցված է 100 գրամ սուրճ, իսկ գինը 900 դոլար է։
«Կոպի Լյուվակ» սուրճի հատիկների արտադրության գործընթացը հետևյալն է՝ մուսանգներն ուտում են սուրճի ծառի հասուն պտուղները։ Այնուհետև դրանք անցնում են կենդանիների մարսողական համակարգով և բնական ճանապարհով՝ կղանքի միջոցով, օրգանիզմից հանում են սուրճի հատիկները, որոնք հավաքվում են, մանրակրկիտ կերպով լվացվում և չորացվում արևի տակ։ «Կոպի Լյուվակ»-ին առանձնահատուկ համը պայմանավորված է մուսանգների ստամոքսահյութի հատկանիշներով։