Մշտական խոնավեցում կամ խնամք հարկավոր է ոչ միայն դեմքին, այլեւ շուրթերին: Չէ՞ որ շուրթերի մաշկի կառուցվածքը բավական տարբերվում է դեմքի մյուս հատվածների մաշկից. այն նուրբ է, զգայուն եւ ավելի հաճախ է չորանում, ինչի հետեւանքով էլ ճաքճքում է:

Պետք չէ դրանք անուշադրության մատնել, քանի որ հենց վառ եւ զգայուն շուրթերին են սեւեռվում տղամարդկանց հայացքները: Թավշե եւ փափուկ շուրթերը նաեւ ունակ են արտացոլել կնոջ ամբողջ զգայնությունը: Իսկ ինչպե՞ս ճիշտ խնամել շուրթերը: Այս հարցով NEWS.am STYLE-ը դիմել է երեւանյան կոսմետոլոգ Մարինե Հովսեփյանին:

«Շուրթերը չվնասելու համար հարկավոր է օգտագործել միայն որակյալ եւ բնական շրթներկ կամ փայլ: Դրանք քսելուց առաջ անպայման անհրաժեշտ է խոնավեցնել շուրթերի մաշկը. գոնե ջրով մի փոքր թրջել եւ թեթեւակիորեն մաքրել սրբիչով: Հիշեք, որ հիանալի դիմակ են ցանկացած բուսական յուղերը, նույնիսկ նրանք, որոնք օգտագործում ենք կերակուր պատրաստելիս:

Սառնարանում կարելի է գտնել նաեւ այլ մթերքներ, որոնք կօգնեն կատարյալ արդյունք ստանալ: Առաջին հերթին՝ սերուցքային կարագ եւ թթվասեր: Դրանք պարունակում են A եւ E վիտամիններ, որոնք խոնավեցնում եւ սնուցում են շուրթերի մաշկը»,- պատմեց Մարինե Հովսեփյանը: