Մազերի հետ կապված ցանկացած հարցի պետք է մոտենալ հատուկ ուշադրությամբ: Գարնանն ու ամռանը, վնասելով մազերը, անհնար կլինի դրանք գլխարկի տակ թաքցնել: Ոճի եւ մազերի գույնի շրջադարձային փոփոխությանը գրագետ մոտեցում է հարկավոր: Այդ հարցում Ձեզ կօգնեն NEWS.am STYLE-ը եւ երեւանյան վարսահարդար Հասմիկ Դավթյանը:
«Նախ հարկավոր է կողմնորոշվել, թե ի՞նչ եք ուզում մազերի նոր գույնից. որպեսզի բնական երանգը դառնա վառ եւ նկատելի՞: Թե՞ որպեսզի մազափնջերը գարնանային արեւի տակ հեղեղվեն կարմիրով: Կամ արմատապես փոխե՞լ գույնը: Դրանից ելնելով էլ ընտրեք ներկը»,- խորհուրդ է տալիս Հասմիկ Դավթյանը:
Տնային պայմաններում մազերը ներկելու գործում ամենից դժվարը երանգի ճիշտ ընտրությունն է: «Նայեք ձեր մազերին, հետո խանութում վերցրեք ներկված մազափնջերի նմուշներով գունապնակը եւ բնական լույսի ներքո գտեք ձեր գույնին համապատասխանող մազափունջը: Այն նշված է երկու մասից կազմված համարով. առաջին թիվը նշանակում է գույնի խորությունը, երկրորդը՝ երանգը. մեղրագույն, շամպայնի գույն եւ այլն: Կարելի է ընտրել բնական խորության գույնից առավելագույնը երկու երանգ բաց գույնի ներկ (եթե ձեր համարը 5-ն է, նշանակում է, ձեզ կսազի 7-ից ոչ բարձր թվով ներկը): Այնուհետեւ փնտրեք ցանկացած երանգ գույնի խորության տեսականուց»,- շարունակում է Հասմիկը:
Ու եվս մի քանի խորհուրդ. «Եթե մազերը ներկում եք ավելի բաց գույն, հիշեք, որ «տնային» ներկերը մազերին երանգ եւ փայլ են տալիս, բայց նրանց համար չեն, ովքեր որոշել են թխահերից դառնալ պլատինե շիկահեր: Գույնը պետք է բացացնել աստիճանաբար, որպեսզի մազերը վերականգնելու համար տանջալից երկար ժամանակ չպահանջվի: Իսկ մուգ գույն կարելի է ներկել համարձակորեն՝ ընտրելով ցանկացած խորություն»,- ամփոփում է Հասմիկը: