Դեմակիյաժը կամ դիմահարդարումը մաքրելը ոչ պակաս պատասխանատու գործընթաց է, քան հենց make-up-ը: Ժամանակակից կնոջ զինանոցում հատուկ միջոցների հարուստ ընտրանի կա. մաքրող քսուքներ եւ գել, տոնուսը բարձրացնող, երկտարր մաքրող միջոցներ (պարունակում են ե՛ւ գել, ե՛ւ յուղային հիմք): Դրանց հիմնական խնդիրը աղտոտվածությունը, մեռած բջիջները, կոսմետիկայի մնացորդները հեռացնելն է: Ինչպե՞ս ընտրել հենց ձեզ համապատասխան միջոց եւ ինչպե՞ս ճիշտ մաքրել make-up-ը՝ կպատմի դիմահարդար Մարինա Հովսեփյանը:
«Եթե նույնիսկ դեկորատիվ կոսմետիկա չեք օգտագործում, միեւնույն է, մաշկը մաքրեք հատուկ միջոցներով, որպեսզի հեռացնեք փոշին, կեղտը, մաշկային արտազատումները: Դա օգտակար է ձեր հիգիենայի համար:
Որակյալ մաքրող միջոցները պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին.
Մաշկը լավ մաքրեն;
Չառաջացնեն բորբոքում, կարմրություն;
Պարունակեն մեղմ ազդեցության ժամանակակից նյութեր, որոնք դյուրությամբ կհեռացնեն նույնիսկ կայուն դիմահարդարումը;
Չպարունակեն վատ լվացվող կամ չլվացվող բարակ թաղանթ առաջացնող լուծույթներ, ինչպես նաեւ ակտիվ ախտահանիչներ, որոնք խախտում են մակամաշկային պատնեշը:
Հարկավոր է օրն ավարտել մաշկի մաքրմամբ: Դա անփոփոխ կանոն է:
Սկզբում մաքրում են աչքերի հարդարումը: Դրա համար օգտագործում են հատուկ լոսյոն կամ կաթիկ: Կոնտակտային լինզաներ օգտագործողները պետք է ընտրեն հիպալերգիկ միջոցներ:
Աչքերի երանգաներկը մաքրում են նուրբ շարժումներով. ներքեւից՝ աչքի արտաքին անկյունից դեպի ներքին անկյունը, եւ վերեւից՝ հակառակը, քթարմատից դեպի քունքերը: Խուսափեք եռանդուն տրորելուց, վաղ կնճիռներ կառաջանան:
Թարթիչների սեւաներկը հեռացնում են մաքրող միջոցի մեջ թրջած բամբակե երկու բարձիկների միջոցով. մեկը դնում են աչքի տակ, իսկ երկրորդով մաքրում են թարթիչները՝ վերեւից ներքեւ:
Դիմափոշու, սնգույրի, շրթներկի մնացորդները հեռացնում են գելի միջոցով (յուղոտ մաշկի պարագայում) եւ կրեմ-փրփուրով (չոր մաշկի պարագայում), հետո գոլ ջրով լվացվում: Կարելի է օգտվել տոնիկից. այն աշխուժացնում է մաշկը եւ ավարտում մաքրման գործընթացը: Վերջին քայլը պետք է լինի հատուկ կրեմով մաշկը փափկացնելը: Դրանից հետո քնելուց առաջ կարելի է գիշերային սնուցող կրեմ քսել»: