Հղիության պլանավորումն առողջ հղիություն և առողջ երեխա ունենալու երաշխիքն է։ Կնոջ օրգանիզմը հղիության, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում ծանրաբեռնվում է․ սիրտը, լյարդն ու երիկամները կրկնակի ուժով են աշխատում։ Ծանրաբեռնվում են նաև էնդոկրին, իմունային և նյարդային համակարգերը։ Այդ պատճառով էլ օրգանիզմն անհրաժեշտ է նախապատրաստել հղիությանը բեղմնավորումից դեռևս 3-4 ամիս առաջ։

Հարկավոր է դիմել հետևյալ մասնագետներին՝

գինեկոլոգ,
թերապևտ,
ստոմատոլոգ,
նյարդաբան,
օտոլարինգոլոգ,
օկուլիստ,
հոգեբան։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է, որ կնոջն ուղղորդեն այլ մասնագետների խորհրդատվության, եթե կա խնդիր։

Հետազոտություններ
Հղիության պլանավորման կարևոր փուլերից մեկը հետազոտությունների անցկացումն է, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել խնդիրը և նախքան հղիությունը բուժել այն։

Այդ հիմնական հետազոտություններից են՝

արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն,
մեզի ընդհանուր հետազոտություն,
սեռավարակների հայտնաբերման համար քսուքի հետազոտություն,
կոագուլոգրամա,
կոլպոսկոպիա,
փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ և այլն։
Որևէ հիվանդության կամ խանգարման հայտնաբերման դեպքում հնարավոր է, որ բժիշկը հավելյալ հետազոտություններ նշանակի։ Եթե հետազոտությունների արդյունքում որևէ խնդիր չի հայտնաբերվում և օգանիզմը պատրաստ է լինում բեղմնավորմանը, խորհուրդ է տրվում՝

չծխել կամ գոնե նվազեցնել ծխախոտի քանակը, կամ ավելի թույլ տեսակ ընտրել,
առանց բժշկի նշանակման չօգտագործել դեղեր,
չչարաշահել սուրճը,
հրաժարվել ալկոհոլից և թմրանյութերից,
չօգտվել շոգեբաղնիքից և շատ տաք լոգանքից,
առողջարար սնունդ ուտել, հատկապես բանջարեղեն և մրգեր,
հատուկ վիտամիններ և ֆոլաթթու օգտագործել՝ բժշկի նշանակմամբ։
Առողջ զույգին հղիության համար պահանջվում է 3 ամսից մինչև մեկ տարի, սակայն եթե կանոնավոր սեռական կյանքի դեպքում հղիությւոն չի գրանցվում, պետք է դիմել բժշկի։