Որքան էլ կանայք մտածեն՝ տղամարդկանց դավաճանության մղող գործոնները շատ են ու բազմազան, պարզվում է' կարելի է «տեսակավորել» դրանք եւ մշակել «պայքարի ռազմավարություն»:

 

LN-ի հետ զրույցում տղամարդու դավաճանության հիմնական պատճառների մասին խոսեց սեքսապաթոլոգ, հոգեթարապեւտ, բ. գ. թ., դոցենտ Մարատ Զաքարյանը:
«Տղամարդու դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ ամուսնական զույգի աններդաշնակությունը, որոնցից ամենահաճախ հանդիպողը սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունն է. սրա մեջ մտնում են ամուսնական զույգի ե՛ւ սոցիալական պայմանները, ե՛ւ տնտեսական, ե՛ւ առհասարակ ընտանիքի անդամների հետ ( սկեսուր, սկեսրայր, երեխաներ) հարաբերությունները»,- բացատրեց սեքսապաթոլոգը' նկատելով, որ առաջին հերթին նման դեպքերում ընտանիքում կարող են ստեղծվել կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք էլ տղամարդուն մղում են արտաամուսնական կապերի:

 

Մասնագետի խոսքով' տղամարդուն դավաճանության մղող մյուս պատճառը սեռավարքային աններդաշնակությունն է: Անկողնում զույգի վարքը պետք է իրար համապատասխանի, եթե ոչ, ապա ամուսինը, իրեն բավարարած չզգալով, վայելքներ է փնտրում դրսում: Լուրջ խնդիր է նաեւ սեռական կյանքի մասին տեղեկացվածության պակասը. զույգերը, չգիտակցելով ու հաշվի չառնելով միմյանց կարողությունները, մեծ պահանջներ են ունենում ու չհասնելով իրենց ակնկալիքներին, գնում են դավաճանության: Մարատ Զաքարյանը նշեց, որ տղամարդու դավաճանությունը կարող է կապված լինել նաեւ տարիքային առանձնահատկությունների հետ:

 

Նրա խոսքով' ամուսնական առաջին երեք տարիների ընթացքում հաճախ ամուսինները չեն կարողանում միմյանց հարմարվել հոգեպես, ունենում են նաեւ սեռական անհարմարվողականություն. նորից կոնֆլիկտներ ու արդյունքում' դավաճանություն: «Միջին տարիքում էլ հնարավոր է'զույգերը հոգնեցնեն միմյանց, ինչը եւս տղամարդուն կմղի դավաճանության: Քիչ չեն դեպքերը, երբ արդեն մեծահասակ ամուսնական զույգերն են ամուսնալուծվում: Մեծահասակների մոտ օրգանիզմի պաշտապանողական ռեակցիաները թուլանում են, հոգեկան եւ նյարդային համակարգերի գերլարված վիճակ է առաջանում, այս ամենին ավելանում է ե՛ւ կնոջ, ե՛ւ տղամարդու կլիմակտերիկ շրջանը, սրվում են ամուսինների միջանձնային հարաբերությունները»,- ասաց սեքսապաթոլոգը:

 

«Շատ մեծ նշանակություն ունի նաեւ կնոջ անձնական հիգիենայի ոչ պատշաճ պահպանումը' հանդիսանալով տղամարդու հիասթափության ու դավաճանության պատճառ»,- տղամարդկանց դավաճանությունը եւս մեկ փաստով հիմնավորեց սեքսապաթոլոգը:



Շողիկ Գալստյան