Բոլորը գիտեն, որ խնամված հոնքերը փոխում են հայացքը եւ դեմքին կոկին տեսք տալիս: Սակայն որոշ կանայք չեն էլ կռահում, որ հոնքերին նույնպես ամենօրյա խնամք է հարկավոր: Ինչպես եւ ինչու՝ կպատմի դիմահարդար Մարինա Հովսեփյանը.
«Հոնքերի ամենօրյա խմանքը պետք է ներառի գոնե քնելուց առաջ դրանց գերչակի յուղ քսելը եւ հատուկ խոզանակիկով սանրելը: Այս երկու գործողությունները կարելի է համատեղել՝ յուղը հոնքերին քսելով խոզանակիկով: Այդպիսով, հոնքերը մերսվում են եւ, միաժամանակ, սնուցվում: Կարելի է օգտագործել թարթիչները ներկելու խոզանակիկ կամ ատամի խոզանակ:
Հոնքերի վրա շատ լավ ազդեցություն է թողնում մերսումը, որը կատարվում է հոնքերի աճման գծի ուղղությամբ: Մատներով, քթից սկսած, կետային, կսմթող եւ տատանող շարժումներ կատարեք՝ աստիճանաբար հասնելով քունքերին: Նման պարբերական մերսումից հետո հոնքերի մազերը դառնում են ավելի մուգ, դադարում են թափվել եւ առողջ տեսք են ստանում:
Շաբաթը մեկ անգամ կարելի է հոնքերը սնուցող դիմակ օգտագործել: Հավասար չափաբաժիններով խառնեք գերչակի, զեյթունի եւ բուսական յուղերը: Թեթեւակիորեն տաքացրեք գոլորշու վրա: Բամբակե բարձիկները թրջեք այդ խառնուրդում եւ 5-10 րոպե դրեք հոնքերի վրա: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի. հոնքերը կդառնան ավելի փայլուն եւ գեղեցիկ: Միայն հետեւեք, որպեսզի յուղն աչքերի մեջ կընկնի: Ի դեպ, նման խառնուրդով կարելի է խնամել նաեւ թարթիչները: Այդ կերպ դրանք ավելի խիտ եւ երկար կաճեն»: