Այսօր՝ մարտի 4-ին, լույս աշխարհ է եկել ամենահայտնի ու գեղեցիկ զույգերից մեկի՝ Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների առաջնեկը՝ Բրուքլին Բեքհեմը: Աստղային ֆուտբոլիստի եւ Spice Girls խմբի նախկին երգչուհու ավագ որդին ծնվել է 1999 թ-ին՝ Լոնդոնում:
Բրուքլինի երկրպագուները նկատած կլինեն, որ նա (ինչպես եւ իր մյուս եղբայրները՝ Ռոմեո եւ Քրուզ Բեքհեմներն ու քույրը՝ Հարփերը) արտաքնապես շատ նման է իր աշխարհահռչակ ծնողներին: Բայց նախասիրություններով փոքր-ինչ տարբերվում է:
Վաղ հասակում Բրուքլինն իրեն փորձել է ֆուտբոլի ոլորտում: Նա, նույնիսկ, հասցրել է խաղալ «Արսենալ» ակումբի պատանիների հավաքականում, սակայն կարճ ժամանակ անց հասկացել է, որ այդ սպորտաձեւն իրեն չի գրավում:
Հետո Բեքհեմների ավագ որդին սկսեց իրեն փորձել մոդելային ասպարեզում՝ նկարահանվելով մի շարք հանրահայտ ամսագրերի համար՝ Vogue China, Miss Vogue, Interview, Dazed եւ այլն: Սակայն արդյունքում 21-ամյա երիտասարդը հասկացավ իր իրական տարերքը: Այժմ նա ակտիվորեն զբաղվում է լուսանկարչությամբ եւ արդեն հասցրել է՝ որպես լուսանկարիչ համագործակցել հեղինակավոր պարբերականների հետ: Հատկանշական է, որ մինչ այս ամենը, Բեքհեմը փորձել է իրեն նաեւ այլ ոլորտում. Կար ժամանակ, երբ տղան աշխատում էր սրճարանում:
Մասնագիտական հետաքրքրություններից զատ՝ Բրուքլին Բեքհեմը ակտիվ է նաեւ անձնական կյանքում, որտեղ վերջին շրջանում պարբերաբար փոփոխություններ են տեղի ունենում:
Բեքհեմի հայտնի սիրավեպերի շարքը սկսվեց դերասանուհի Քլեո Գրեյս Մորեցի հետ ընկերությունից, այնուհետեւ նա սկսեց հանդիպել մոդել Հանա Քրոսի հետ. այս սիրավեպը, սակայն, եւս կարճ տեւեց: Այժմ գեղեցկադեմ երիտասարդի կողքին նրբակազմ դերասանուհի Նիկոլա Պելցն է:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի լուսանկար, որոնք արել է հենց ինքը՝ Բրուքլին Բեքհեմը: