Ամերիկացի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Էմինեմը, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ծննդյան 47-ամյակն է նշում:
Էմինեմի ձայնասկավառակները տարբեր տարիներին մեծ թվով վաճառք են գրանցել: Ռեփերը հատկապես մեծ հաջողության է հասել 2000-ականների սկզբին: Էմինեմին ճանաչում է բերել 1999 թ-ին լույս տեսած The Slim Shady LP ալբոմը, որը ռեփերին տվել է առաջին «Գրեմմի» մրցանակը:
Բացի ռեփից՝ Էմինեմն այլ գործունեություն էլ է ծավալում: Նա ունի իր սեփական ձայնագրման ստուդիան եւ ռադիոկայանը: Ռեփերը նաեւ նկարահանվել է ֆիլմերում՝ «8 մղոն», «Լվացքատուն», «Հարցազրույց» եւ այլն:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հայտնի մտքերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ընթերցել էլ ավելի հայտնի հիթերի ներքո:
«Դու երբեք չես իմանա, թե ինչ է քեզ հետ կատարվելու վաղը. կյանքը խենթ մրցավազք է, եւ ոչ ոք այս կյանքում ապահովագրված չէ»:
«Յուրաքանչյուրն ունի նպատակներ եւ ամբիցիաներ, եւ յուրաքանչյուրին էլ կյանքի որեւէ փուլում եղել են մարդիկ, որ ասել են՝ դու չես կարող հասնել դրանց»:
«Եթե որեւէ հաղորդագրություն կա իմ երգերում, որից մարդիկ ինչ-որ բան պետք է սովորեն, դա այն է, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես, պետք աշխատել դրա շուրջ»:
«Ոչ ոք չի սիրում ձախողել: Ես ցանկանում եմ հաջողության հասնել այն ամենում, ինչ ձեռնարկում եմ: Բայց երբ ձախողում եմ այն բաներում, որոնց հանդեպ կիրքս առանձնահատուկ մեծ է, եթե հաջողության չեմ հասնում այդ հարցում, էլ ի՞նչ է ինձ մնում անել»:
«Եթե անկեղծ, ես երբեք բարձրախոսը ձեռքիցս վայր չեմ դնում»:
«Իմ աշխատած ցանկացած գումարի այնպես եմ վերաբերվում, ասես դա իմ վերջին աշխատածն է լինելու»:
«Երգի մեջ ցանկացած էմոցիա՝ լինի դա բարկություն, թե ագրեսիա, պետք է արդարացված լինի»:
«Իմ կյանքում պետք է միշտ դրամա լինի, որպեսզի ես կարողանամ ստեղծագործել»:
«Կյանքում եղել են պահեր, երբ մտածել եմ՝ Աստված իմ, եթե ես սեւանորթ ծնված լինեի, ստիպված չէի լինի անցնել այս ամենի միջով»:
«Ես ցանկանում եմ ստեղծագործել այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ, բայց մյուս կողմից էլ՝ երբեք չես իմանա, թե ռեփի մեջ քեզ որքան ժամանակ լուրջ կընդունեն»: