Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ի` ժամը 19։30-ին, կկայանա «Գրեմմիի» 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը:
Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:
«Գրեմմիի» 10-ակի, «Dove» մրցանակի 10-ակի դափնեկիր, ինչպես նաեւ այլ հեղինակավոր մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգեւոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ:
Երեւանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ: Ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու:
Բացի այդ, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լեւոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը եւ նրա ընկերները: Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է: