ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 14-ին հանդես կգա մենահամերգով: Ինչպես տեղեկացրին օպերային թատրոնի լրատվական բաժնից, համերգը նվիրված է կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու ծննդյան 175-ամյակին: Դաշնակահարը երեկոյի ընթացքում հայ ունկնդրի դատին կներկայացնի Մուսորգսկու, Բեթհովենի, Պրոկոֆևի և Մոցարտի գործերը:
Մենահամերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Դաշնակահար Արմեն Բաբախանյանը ծնվել է 1967թ. Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004թ. հիմնել և ղեկավարում է «Կադանս» անսամբլը: Մենահամերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: Որպես մենակատար հանդես է եկել տարբեր հայտնի նվագախմբերի հետ, մասնակցել բազում փառատոնների: Հեղինակավոր մրցույ թների դափնեկիր է: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, 2008թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: