Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Մենք ինչքան ժամանակ ենք կորցնում ...
Ժամանակ ենք կորցնում իրար առանց այն էլ ուշ հանդիպելով, իրար ժամանակից ուշ ճանաչելով ու իրարից հեռու ապրելով։
Մենք ժամանակ ենք կորցնում սիրած մարդու հետ ամեն վայրկյանը չզգալով, իրար քիթ-քթի չապրելով, միասին չծերանալով ենք ժամանակը կորցնում։
Մանկան ժպիտ, ծիծաղ, հետո անհանգստություն ու միանգամից տանդ լիքը աղմկող ժպիտներ ենք կորցնում ժամանակի կորստի հետ, կորցնում ենք ժամանակն անիմաստ ու սուտ պայքարների վրա, որոնք միայն բաժանում են ու անջատում, իսկ կյանքը միանալու մասին պիտի լինի՝ սիրող մարդկանց, հարազատ սրտերի ու սերերի միանալու։ Լավ ու ստեղծագործ լինելու ժամանակն ենք կորցնում՝ փոխարենը հիասթափությամբ ու հուսահատությամբ մեզ սնելով։
Ժամանակ ենք կորցնում անիմաստ կասկածելով, վախենալով կամ ալարելով, երբ ընդամենը մի զանգ էր պետք, մի որոշում, մի անգամ ճշմարտությունն ինքդ քեզ խոստովանելու խիզախություն։
Մենք ամեն ինչ անում ենք, որ ժամանակը շուտ անցնի, ԱՊՐԵԼՈՒ ժամանակը, որովհետև պարզապես վախենում ենք... ապրելուց։ )
Մենք ժամանակ ենք կորցնում պատկերացնելով, թե «ինչ կանեինք կամ ոնց կապրեինք»՝ ԻՍԿԱՊԵՍ ապրելու փոխարեն... Իզուր Ժամանակ ենք կորցնում, հետո էլ ասում ենք թե Սերը անժամանակ հեռացավ... ոչինչ էլ չի հեռանում. մե՛նք ենք կորցնում։
Թող նոր տարին բերի նոր՝ սերը գտնելու, միավորվելու ու ապրելու Ժամանակը։ Ժամանակը կորցնելու ժամանակ էլ չկա ՜...(ՆՀ))»: