Ֆելիքս Խաչատրյանն ու A.Chilla-ն լուծեցին «Խաչբառն» ու հիմա ասում են՝ «Գիտեմ»: Հենց այսպես է կոչվում “3,33”-ի երկրորդ ձայնասկավառակը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ երևանյան ակումբներից մեկում: 03,03,13թ. Շնորհանդեսի օրը պատահաբար չէր ընտրված. «Ինչ-որ սիրուն բան էր: Քանի որ “3,33” թվաբանական է և թվերի հետ թեթև կապեր ունի, որոշեցի օրն էլ կապել»:
A.Chilla-ն ներկա չէր շնորհանդեսին, քանի որ այժմ ԱՄՆ-ում է գտնվում: Բացը լրացնելու համար նա skype-ով միացավ ներկաներին: Ֆելիքսից տեղեկացանք, որ, ամենայն հավանականությամբ, նա Հայաստան կվերադառնա հուլիսին: «Ինքը միշտ այնտեղ է ապրել: Մեկ տարով էր եկել, հիմա գնացել է, որովհետև այնտեղ ընտանիք, տուն, գործեր ուներ: Հուսանք, մինչև հուլիս իր հարցերը կլուծի, կվերադառնա հայրենիք, որովհետև ես համարյա պատրաստել եմ երրորդ ալբոմը, սպասում եմ ինքը գա: Ինձ երեկ խոստացել է, որ անպայման գալու է»,- ասաց Ֆելիքսն ու հավելեց, որ հիմա համատեղ գործունեությունը ծավալում են skype-ով:
“3,33”-ին շնորհավորելու էին եկել Սոս Ջանիբեկյանը սիրելիի՝ Լյուսի Հայրապետյանի հետ, Արման Նշանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլևանյանը, Ժաննա Բուտուլյանը, Գնել Ուլիխանյանը, Դավիթ Աղաջանյանը և այլք: Ի դեպ, Ֆելիքսը հատուկ շնորհակալություն հայտնեց Գնելին և Ժաննային: Պարզվում է՝ հյուրերից միայն նրանք «դատարկ ձեռքով» չէին եկել: Ժաննան դիմակ էր բերել, որի վրա գրված էր՝ “3,33”, Գնելը՝ կատու. «Թող այս մասին ամբողջ աշխարհն իմանա»: Ի դեպ, սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նշեց, որ “3, 33” խմբին լսում է 2011 թվականից. «Այդ ժամանակվանից ի վեր ամեն օր լսում եմ իրենց երգերը ու շատ եմ սիրում: Այս ձայնասկավառակից հատկապես կառանձնացնեմ «Իմաստ» երգը, որը շատ-շատ եմ սիրում»:
Հաղորդավար Ավետ Բարսեղյանն առանձնապես ռեփ չի լսում, սակայն ինչպես ինքը նշեց, հայկական ռեփը լսում է. «Ես Ֆելիքսին շատ բարձր եմ գնահատում՝ որպես խոսքի մասնագետի, անգամ՝ վարպետի և խոսքի հետ խաղացող մարդու»,- ասաց Ավետն ու հավելեց, որ միջաոցառմանն իր ներկայությունը պայմանավորված է Ֆելիքսի հետ ընկերությամբ և նրա ռեփը շատ սիրելով:
Ալբոմում ընդգրկված է 14 երգ, որի մի մասն արդեն ծանոթ է հանդիսատեսին. «Երգեր գրվեցին, որոնք հավաքվեցին և ստեղծվեց ալբոմը: Երբ գրվեց «Գիտեմ» երգը, որոշվեց, որ ալբոմն էլ այդպես կանվանվի, քանի որ այդ երգը մի քիչ այլ կերպ եմ գրել ու կարծես բանաստեղծություն լինի, ոչ թե ռեփ: Թավ-ջութակահար Արտյոմը Մանուկյանն ԱՄՆ-ում ինձ համար նվագել է այդ երգի համար ու ուղարկել է ինձ»:
Կարելի է ասել, Ֆելիքսը հեռուստատեսությունում գումար է աշխատում, ներդնում ռեփի մեջ ու հաճույք ստանում, քանի որ, ինչպես ինքը նշեց, ռեփը չի վաճառում: «Ռեփը միշտ դոմինանտ է եղել ինձ համար, իսկ հեռուտատեսությունն աշխատանք է: Ես ռեփը չեմ վաճառում,- ասաց Ֆելիքսն ու հավելեց, որ ձայնասկավառակը թողակել մոտ 500 օրինակով: -Դրանից մոտ 200-ը հազիվ վաճառվի, քանի որ մյուսները նվիրում եմ: Սա ինձ համար բիզնես չէ»:
Դերասան Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է տեսնել “3, 33” խմբի կատարումները. «Հայկական ռեփերից միակն է, որը լսում եմ՝ անկախ նրանից, որ Ֆելիքսն ու Նարեկն իմ շատ լավ ընկերներն են: “3,33”-ի ռեփի մեջ ես տեսնում եմ գրագիտություն, ճաշակ, այն շատ մոտ է հայերենին լեզվին, այսինքն՝ թե´ շեշտադրությունը, թե´ վանկը, թե´ խոսակցականը, թե մտքերը: Նախադասությունների կազմվածքով ու իմաստներով շատ մոտ է մեր պոեզիային: Ինձ համար սա դատարկ ռեփ չէ, ունի բովանդակություն, ասելիք, որը ենթատեքստերով ինչ-որ խնդիրներ է վեր հանում, որոնք այսօր ինձ հուզում են: Ես նրանց ռեփում ենթատեքստեր եմ տեսնում: Գուցե ես եմ դա տեսնում, բայց կարծում եմ՝ Ֆելիքսն ու Նարեկն էլ են դա տեսել»:
Սերիալային դերասան, մոդել Դավիթ Աղաջանյանը նշեց, որ ռեփ շատ չի լսում: «Եկել եմ ուրախությունը կիսելու: Շնորհավորում եմ նրանց»,- ասաց Դավիթն, ով սիրելիի՝ Աննայի հետ չէր, քանի որ ասաց, որ Աննային «արգելված» է նման վայրեր գնալը:
Զրուցեցինք նաև հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ: «Եթե ասեմ անընդհատ ու ամեն օր ռեփ եմ լսում, կստեմ: Ուրախ եմ, որ Ֆելիքսը, ում մեջ լուրջ պոետ է նստած, նրան դուրս թողեց ռեփերի տեսքով և այսօր այդ պոետը ստեղծագործում է՝ մեղեդային ու հայերեն: Որքան էլ ռեփը փողոցային արվեստ է համարվում, ինձ դուր չէր գալիս, որ հիմնականում վատ, կենցաղային, էժանագին խոսքեր էին գործածվում: Ֆելիքսի ռեփային տարբերակները՝ սկսած առաջին ձայնասկավառակից, եղել են առավել գրական, հղկված, ակցենտն ավելի շատ իմաստի վրա է դրված, ինչը շատ եմ կարևորում: Օրինակ, «Տիկնիկները» շատ եմ սիրում, որովհետև դա բոլորիս կյանքի մասին է: Ես նաև գիտեմ որոշ երգերի նախապատմությունը և ինձ համար դա առավել հասկանալի և հետաքրքիր է դարձնում երգի ընկալումը»,- esyes.am-ին ասաց Նազենին: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, ըստ որոնց՝ Նազենիի և Ֆելիքսի անունները հաճախ կապվել են անձնական հարաբերությունների տեսանկյունից, դերասանուհին հետևյալն ասաց. «Ինձ իմ ընկերների հետ կապելը բամբասանք չէ: Նա ինձ համար հարազատ մարդ է, հարազատ ընկեր, ինչպես Ավետը, Անդրեն, կամ մյուսը: Ամեն մեկն իր տեսակով կարող է որոշել ինչ-որ ճշմարտություն և դա բարձրաձայնել: Ես իմ անձնական կյանքը երբևէ չեմ բարձրաձայնում, որովհետև դա վերաբերում է միայն ինձ»:
Ֆելիքսից հետաքրքրվեցինք նաև իր և դիմահարդար Աննա Առաքելյանի հարաբերությունների մասին շրջանառվող լուրերի մասին. «Որոշ ժամանակ ընկերություն ենք արել, հիմա չենք անում,- ասաց Ֆելիքսն ու հավելեց, որ իր անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է: -Լավ է ամեն ինչ, ես չեմ դժգոհում:)»:
Ի դեպ, Ֆելիքսը ներկայացրեց նաև «Կատու» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը իր զարմուհին է՝ Լիլիթ Մովսիսյանը: «Ֆիլմերի ռեժիսոր է: Ջահել է, բայց շատ ուժեղ: Քանի որ իմ քույրն է, իմ տեսահոլովակներն ինքն է նկարահանում: «Հայելին» և «Խաչբառը» ևս ինքն է նկարահանել,- ասաց Ֆելիքսն ու հավելեց, որ տեսահոլովակը կլինի համացանցում, սակայն հեռուստատեսությամբ չի ցուցադրվի: - Ես նման բաներ շատ չեմ էլ սիրում: Հեռուստաալիքներով ինչ-որ պետք է դա է ցուցադրվում: Թող ցուցադրվի»: