Արդեն մի քանի օր է, ինչ հայկական շոու բիզնեսի գրեթե ողջ աստղաբույլը մեկնել է Ֆրանսիա, ավելի կոնկրետ՝ Փարիզ: Պատճառն օրեր առաջ այնտեղ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունն է, որի կազմակերպիչներն Աննա Կարոլինան և Հայկ Շահբազյանն են, ով ի դեպ՝ երգչուհի Արևիկ Ալավերդյանի ամուսինն է: Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Էրիկ, Ավետ Բարսեղյան, Նազենի Հովհաննիսյան, Թաթա, Հարութ Փամբուկչյան, Ջիվան Գասպարյան, Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան, Անուշիկ Ալավերդյան, «Ամարաս» պարային համույթ և այլք... Ահա այն արտիստները, ովքեր մասնակցել են մրցանակաբաշխությանը, իսկ նրանցից ոմանք էլ՝ արժանացել մրցանակների՝ հատուկ սիմվոլով արձանիկների, որոնք խորհրդանշում են հայ-եվրոպական եղբայրությունը' երկու տարածաշրջանների քարտեզներով։ Ըստ մեր տեղեկությունների՝ մրցանակաբաշխության տոմսերի արժեքը սկսել է 60-ից եվրոյից և հասել մինչև 220 եվրո:
Ուսումնասիրելով շոու բիզնեսի ներկայացուցիչների սոցիալական էջերում տեղադրած լուսանկարները, որոնք արված են մրցանակաբաշխության ժամանակ, տպավորություն է, որ ամեն բան նախատեսվածից լավ է անցել, և բոլորը գոհ հեռացել են Փարիզի ամենահայտնի՝ «Զենիթ» համերգասրահից: Պարզվում է, սակայն, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ ընթացել, ինչպես որ թվում է: Սկսենք, թերևս, սկզբից:
«Ոչ թե մրցանակաբաշխություն, այլ՝ խայտառակություն»,- ահա այսպես նկարագրեց «Armenian Europe Music Awards Paris 2017»-ը մեր աղբյուրներից մեկը, ով անձամբ ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը: Ըստ նրա խոսքերի՝ ավելի քան մեկ տարի կազմակերպած համերգն անցել է բավական անկազմակերպ պայմաններում, ինչը չի վրիպել նույնիսկ հանդիսատեսի աչքից:
Բավական չէ, որ մրցանակաբաշխությունը մեկնարկել է նախատեսվածից ավելի ուշ, ավելին, հանդիսատեսը սահմանված 25 րոպեի ընդմիջման փոխարեն ստիպված է եղել սպասել ավելի քան 40 րոպե: Դա էլ բավական չէ, այն սկսվել է դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան ցուցադրությամբ, ինչի կապակցությամբ, ոչ թե նորաձևություն դիտելու, այլ իրենց սիրելի արտիստներին լսել ցանկացող երկրպագուներն իրենց մեջ իրենց դժգոհությունն են հայտնել:
Հիմա անցում կատարենք երգիչ, երգչուհիներին, որոնցից ոմանք նույնիսկ չեն բարեհաճել հանդես գալ կենդանի հնչողությամբ: Այսպես, օրինակ, Գաբի Գալոյանը, բարձրանալով բեմ, երևի չէր էլ պատկերացնի, որ կհայտնվի իր համար ոչ հաճելի իրավիճակում: Բանն այն է, որ երգչուհու ոչ կենդանի հնչողությամբ ելույթի ժամանակ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, «դիսկը քցել» է, ինչի արդյունքում Գաբին ստիպված է եղել մի քանի անգամ կրկնել երգի կրկներգը՝ ցույց տալով, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Տարօրինակն ինձ համար այն է, որ հետևելով Գաբիի՝ ժամանակ առ ժամանակ հրապարակած երաժտական տեսանյութերին, պարզ երևում է, որ նա կենդանի հնչողությամբ հանդես գալու խնդիր ամենևին չունի, թե ինչն է վերջինիս՝ «ֆանագրամայի» տակ երգելու պատճառը, չգիտեմ: Ինչևէ: Նշեմ նաև, որ համերգի ընթացքում սա միակ տեխնիկական խնդիրը չի եղել, որոնց մասին, սակայն, այս պահին կլռեմ:
Բացի այս ամենից, հանդիսատեսի դժգոհության առիթ է հանդիսացել այն փաստը, որ մի շարք երգիչներ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ելույթ ունենալ, թեպետ մինչ մրցանակաբաշխությունը տարածված գովազդային տեսանյութում հայտարարված է եղել նրանց անունները: Օրինակ, «Տարվա լավագույն երգիչ» ճանաչված Էրիկը, ում, ի դեպ, հրավիրված հյուրերի փոխարեն չգիտես ինչու մրցանակ է հանձնել համերգի հաղորդավարներից մեկը՝ Ավետ Բարսեղյանը, ընդամենը գերադասել է վրացերեն ակապելլա կատարել (չեմ հիշում որևէ մրցանակաբաշխություն, լինի դա հայկական, թե՝ արտասահմանյան, որ լավագույն երգիչ ճանաչված արտիստը մրցանակը ստանալուց հետո ելույթ չունենա): Ավելացնեմ, որ մրցանակաբաշխությունն այնքան է ձգձգվել (ավելի քան 6 ժամ), որ վերջում մարդիկ, պարզապես չդիմանալով, կամաց-կամաց հեռացել են հենց սկզբից էլ ոչ այդքան լիքը դահլիճից:
Իհարկե, այս ամենի մեջ ուրախալին այն է, որ Փարիզում ապրող հայերը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան լսելու իրենց սիրելի կատարողներին՝ վայելելով հայկական երաժշտությունն ու պարը, հնարավորություն ունեցան ներկա գտնվելու առաջին անգամ կայացող հայկական մրցանակաբաշխությանը, բայց էլ ավելի ուրախալի կլիներ այն փաստը, երբ այս ամենը նրանք վայելեին ավելի կազմակերպված և դասակարգված պայմաններում: Հուսանք' այս բացթողումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ սա նմանատիպ առաջին մրցանակաբաշխությունն է, և ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ դեռ առջևում է:
Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան