Հունիսի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահագներում առաջին անգամ անցկացվեց Armenian Influencer Awards 2019 մրցանաբաշխությունը: Սա մրցանաբաշխություն էր Ամերիկայում բնակվող ազդեցիկ հայերի մասին, ովքեր իրենց ազգությունն առաջ են տանում մեդիայում և տարբեր բնագավառներում: Տասնվեց անվանակարգերում մրցանակներ ստացան բլոգերներ, քաղաքական, սոցիալական մեդիայի, հեռուստատեսության և այլ բնագավառներում հայտնի հայերը: Հայտնի և համաշխարհային ճանաչում ունեցող անուններից մրցանակաբաշխությանը մրցանակ ստացան՝ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, Platinium Motosport ընկերության հիմնադիր եղբայրները՝ Ջեք և  Ջորջ Քեշիշյանները, Ջիլ Սիմոնյանը, ով ամերիկյան հեռուստատեսությունում աշխատող առաջին հայերից է, և այլք: Մրցանաբաշխության կազմակերպիչներ պրոդյուսեր Արա Կազարյանը և հաղորդավար Մհեր Բաղդասարյանը BlogNews.am-ին տրամադրել են լուսանկարներ և մանրամասներ պատմել:

«Մրցանակակիրներին որոշել է ժյուրին, որում ընդգրկված էին տասնհինգ հայեր, ովքեր վաղուց Միացյալ Նահանգներում են և տարբեր ոլորտներ են ներկայացնում»,- նշում է Մհերը:

Մրցանաբաշխությանը երաժշտական համարներով հանդես եկան Արաքս Ամիրխանյանը, Արմենչիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Անահիտ Սիմոնյանը, Ինգա և Անուշ Արշակյանները: Երեկոն վարում էին Մհեր Բաղդասարյանը, հայտնի դերասանուհի, մոդել Աննա Սմիթը, Արա Կազարյանը, Նոնա Մելիքյանը, ով աշխատում է Սան Ֆրանցիսկոյի հեռուստաալիքում:

Արա Կազարյանը նշում է, որ միջոցառման ժամանակ շնորհել են նաև հատուկ մրցանակներ. «Մարդասիրական մրցանակ հանձնեցինք Վիգեն Սեպիլյանին, ով Հայ-ամերիկյան բժիշկների ասոցիացիայի նախագահն է, և նրանք բազմաթիվ մարդասիրական ձեռնարկներ են իրականացնում: Միացյալ Նահանգներում ամենաազդեցիկ հասարակական կազմակերպությունը մնում է «Հայ դատը», և հատուկ մրցանակ՝ «Արդարության փաստաբան» տրվեց Նորա Հովսեփյանին, ով ԱՄՆ-ի Հայ դատի արևմտյան ափի գրասենյակի ատենապետն է: Շատ ազդեցիկ կին է և ԱՄՆ-ում չափազանց կարևոր աշխատանք է կատարում տարիներ շարունակ»: