Վաշինգտոնից 26-ամյա թխամորթ զինծառայողուհի Դեշոնա Բարբերը դարձել է «Միսս ԱՄՆ» 65-րդ ամենամյա գեղեցկության մրցույթի հաղթողը, որը հունիսի 5-ին ավարտվել է Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ): Երկրորդ տեղը բաժին է հասել Հավայիի նահանգից 24-ամյա Չելսի Հարդինին: Միջոցառումը ցուցադրվել է Fox հեռուստաալիքի եթերում:
Ստուգատեսին մասնակցել են 50 նահանգների եւ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի (Վաշինգտոնի պաշտոնական անվանումը) տարածաշրջանային մրցույթների հաղթողները, ինչպես նաեւ այն մասնակիցը, որին ինտերնետ-քվեարկության օգնությամբ ընտրել էին հանդիսականները: Փորձությունները, որոնցով պետք Է անցնեին մրցույթի մասնակիցները, ներառել են ավանդական դեֆիլեն՝ լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով, ինչպես նաեւ պատասխանները հաղորդավարների հարցերին:
Հաղթողի գլխին թագը դրել է «Միսս ԱՄՆ-2015»-ը՝ 27-ամյա Օլվիա Ջորդանը Օկլահոմայից: Այժմ Բարբերն ԱՄՆ-ը կներկայացնի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում, որը տեղի է ունենալու այս տարվա վերջին:
«Միսս ԱՄՆ»-ի կոչման մրցույթին ավանդաբար մասնակցում են 18-ից մինչեւ 27 տարեկան աղջիկներ: Ի տարբերություն «Միսս Ամերիկա» ստուգատեսի, այդ տիտղոսի հավակնորդներից չի պահանջվում ցուցադրել իրենց տաղանդները, քանի որ այդ շոուում հիմնական ուշադրությունը դարձվում է նրանց արտաքին տվյալներին եւ հնարամտությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: