«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային «LoveWave» երգը կներկայացնի 5 բեք-վոկալիստների հետ: Եվրատեսիլյան բեմում մայիսի 10-ին եւ 14-ին Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ կունենան երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը եւ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր միասին կստեղծեն երգչախմբի տպավորություն: Այս մասին «Արմենպրես»-ին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Լիլիթ Նավասարդյանը, անդրադառնալով բեք-վոկալիստների ընտրման գործընթացին, նշում է, որ բավական դժվար ընտրություն է իրականացվել, քանի որ երգում մի քանի բարդ հատվածներ կան, որոնց կատարումը քիչ երգ իչներին էր տրվում: «Մեծ դժվարությամբ հավաքել ենք այս 5 աղջիկներին, ովքեր օժտված են շատ լավ ձայնային տվյալներով՝ հարուստ ձայնով, ճիշտ տեմբրով: Իսկ իմ հայտնվելն այս երգում պայմանավորված էր այն հանգամանքով, որ երգի նախնական տարբերակը իմ ձայնով էր արված եւ բոլորիս ականջում նստած էր այդ տարբերակը»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր երգչուհիներին ընտրությանը մասնակցելու համար:
Մաշա Մնջոյանը միանգամից հավանել է «LoveWave» երգը, քանի որ այն իր կառուցվածքով եւ հնչողությամբ ստանդարտ չէ, նման չէ այլ երկրների կողմից ներկայացվող երգերին: «Իսկ ինչ վերաբերում է իմ ստացած զգացողություններին, ապա երաժշտական առումով պայքար եմ պատկերացնում... բարձունք, իսկ այդ բարձունքին ձգտում ենք բոլորս»,- նշում է Մաշա Մնջոյանը:
Անուշիկ Տեր-Ղուկասյանի հոգում խառնաշփոթ եւ շատ տարբեր, երբեմն նույնիսկ հակասական զգացողություններ է առաջացրել երգը: «Հեռու-հեռու, իրականությունից կտրված կամ մաքսիմալ մոտ գտնվող աշխարհ է տանում այս երգը, որն իր ձեւով եւ ոճով միանշանակ տարբերվում է այլ երգերից: Այն վստահաբար կգնահատվի ե՛ւ եվրատեսիլյան ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից»,- նշում է Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Քրիստինա Մանգասարյանը երգն առաջին անգամ լսելիս ազատության եւ մեծ բաց տարածության տպավորություն է ստացել: «Տիեզերքը մոտ եւ հեռու էր միաժամանակ, աննկարագրելի զգացողություն էր: Հույս ունեմ, որ երգը իսկապես հաջողություն կունենա մրցույթի շրջանակներում, համենայն դեպս, մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- նշում է Քրիստինա Մանգասարյանը:
Սոնա Գյուլխասյանը յուրաքանչյուր անգամ երգը կատարելիս նոր զգացողություններ եւ էմոցիաներ է հայտնաբերում իր համար: «Երգն իսկապես մեծ էներգետիկա ունի իր մեջ, որը եվրատեսիլյան բեմից առավելագույն կերպով կփորձենք փոխանցել մենք: Իսկ մեր էներգիան որեւէ մեկին չի շրջանցի»,- հավելում է Սոնա Գյուլխասյանը:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում' 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ: