Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ հանդիսավար Լիանա Զուրաբյանն արդեն ընտրյալ ունի:

 

Նշվում էր, որ տղամարդը, ում հետ հանդիպում է Լիանան, «Կիսաբաց լուսամուտների» վճարովի հանդիսատեսից է:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Լիանա Զուրաբյանը տարածված տեղեկությունը հերյուրանք անվանեց և զարմացավ, թե ինչու են մարդիկ այդքան հետաքրքված իր անձնականով ու չարացած իր դեմ:

 

Լիանա Զուրաբյանն ասաց, որ իր ընտրյալն Արմեն Մալյանն է, և իրենք երջանիկ են, ուրախ և այսուհետ սիրո պոեզիան կներկայացնի դրական տոներով ու ելևէջներով:

 

«Իմ ընտրյալն Art casting ստուդիայի տնօրենն է, իր մոտ ունի մեծ բազա և «Կիսաբաց լուսամուտներ», «Արի ամուսնանանք» ծրագրերին ապահովել է հանդիսատեսով, հիմա էլ սերիալներին ապահովում է դերասաններով»,- ասաց Լիանա Զուրաբյանը:


Մեր թղթակիցը հանդիսավարից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր անձի շուրջ այսքան մեծ ուշադրությունը և բացասական երանգները. վերջինս մեզ պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, ես անում եմ բարին և ասում եմ բարին, բոլոր այդ մարդկանց էլ ցանկանում եմ երջանկություն և հղում եմ բարի խոսքեր, նույնիսկ իմ միությունը սիրո ասպարեզում մարդկանց չուրախացրեց, փաստորեն: Ես բոլորին էլ սիրում եմ և բոլորին էլ ցանկանում եմ բարի աշխարհ և բարի սիրտ: Աստված վերևից նայում է, փառք տիրոջը, իմ ճանապարհը միշտ հարթ է, կանաչ, գեղեցիկ ու ծաղկունք է, որովհետև ես բոլորին բարին եմ ցանկանում»,- ասաց նա:

 

Իսկ ինչ վերաբերում է իր հարսանիքին, Լիանա Զուրաբյանը դեռ չի որոշել՝ կլինի՞, թե՞ ոչ, քանի որ կարծում է, որ եթե իրենք հավատան ու սիրեն, արդեն իսկ օրհնված են կլինեն Աստծո կողմից: