Կանադացի փոպ-երգիչ Ջասթին Բիբերը ռեկորդ Է սահմանել այն երգերի քանակով, որոնք միաժամանակ հայտնվել են Billboard հանդեսի թեժ հարյուրյակում: Նոր շաբաթական չարտում, որը թվագրված Է 2015 թվականի դեկտեմբերի 5-ով, կան Բիբերի 17 երգերը:

 

Նախորդ ռեկորդը՝ 14 երգ, որոնք միաժամանակ եղել են Billboard Hot 100-ում, սահմանվել Է The Beatles-ի կողմից 1964 թվականի ապրիլին: 2015 թվականին այն երկու անգամ կրկնել Է կանադացի ռեփեր եւ երգիչ Դրեյքը մարտի 7-ի եւ հոկտեմբերի 17-ի չարտերում:

 

Ջասթին Բիբերի Purpose նոր ալբոմը լույս Է տեսել նոյեմբերի 13-ին եւ միանգամից հայտնվել Billboard 200 չարտի առաջին հորիզոնականում: Նոր սկավառակի բոլոր 13 երգերը, գումարած մի քանի բոնուս-թրեքներ, հայտնվել են Billboard Hot 100-ի հիթ-շքերթում: Ամենաբարձր տեղը (երկրորդ) զբաղեցնում Է Sorry երգը, ամենացածրը (98-րդ)՝ Trust երգը:

 

21-ամյա Ջասթին Բիբերը երգերի հեղինակ Է, երաժիշտ եւ դերասան: 2012 թվականի դրությամբ, աշխարհում վաճառվել Էր Բիբերի ալբոմների ավելի քան 15 միլիոն օրինակ: 2015 թվականին Ջասթինի What Do You Mean? սինգլը գլխավորել Է շատ երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի հիթ-շքերթները: Purpose-ն արտիստի չորրորդ ալբոմն Է: