Կաննի փառատոնը մայիսի 17-ին տոնել է կինեմատոգրաֆի 120-ամյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կաննից հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Լյումիեր թատրոնում՝ Կաննի փառատոնի գլխավոր հարթակում, տեղի է ունեցել 1895-1905 թվականներին Լյումիեր եղբայրների կողմից նկարահանված և ներկայումս վերականգված ֆիլմերի ցուցադրությունը: Գործերից շատերը ցուցադրվել են առաջին անգամ: 1895 թվականը պաշտոնապես համարվում է կինեմատոգրաֆի ծննդյան տարին. 1895 թվականի դեկտեմբերին «Գրանդ կաֆե» սրահում կայացել է առաջին վճարովի հանրային ցուցադրությունը:
Կաննի ներկայիս փառատոնի առթիվ ֆրանսիական Սինեմատիկան վերականգնել և ցուցադրության է պատրաստել Լյումիեր եղբայրների կողմից նկարահանված տասնյակ տեսարաններ: Հավաքածուի մեջ են մտել հայտնի տեսարաններ. «Բանվորների դուրս գալը Լյումիեր եղբայրների ֆաբրիկայից», «Մանկիկի նախաճաշը», «Կարմիր ձկնիկների որսը», «Թրջված ջրողը» խաղարկային սկետչը, ինչպես նաև Լյումիեր եղբայրների՝ մինչ օրս անհայտ սյուժեներ: Առաջին անգամ ցուցադրվել են ճանապարհորդությունների ժամանակ եղբայրների կատարած նկարահանումները:
Կինեմատոգրաֆի 120-ամյակի առթիվ հանդիսավոր արարողությանը և Լյումիեր եղբայրների նկարահանած վերականգնված տեսարանների ցուցադրությանը հրավիրվել էին աշխարհահռչակ եղբայրներ ռեժիսորներ Պաոլո և Վիտորիո Տավիանիները, ինչպես նաև Ժան Պիեր և Լյուկ Դարդենները: Նրանց դիմավորել են եղբայրներ Ջոել և Իթան Քոենները՝ Կաննի ներկայիս փառատոնի ժյուրիի նախագահները:
Կաննի 68-րդ փառատոն այս օրերին տեղի է ունենում Լազուր ափին: Մրցույթի հիմնական ծրագրում 19 ֆիլմեր են, նույնքան ֆիլմեր էլ ընդգրկված են կարևորությամբ երկրորդ՝ «Հատուկ հայացք» ծրագրում: