Արցախյան ազատամարտի մասին պատմող երկու ֆիլմ բախտ ունեցավ հայտնվել Կաննի կինոշուկայում: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը վերջերս է վերադարձել կինոփառատոնից, որտեղ ներկայացրել է իր՝ արդեն ավարտուն, 45 րոպե տևողությամբ «Ընդհատված Մանկություն» ֆիլմը և ամռանը նկարահանվող «Թևանիկ» ֆիլմի պրոյեկտը:
«Թևանիկ» ֆիլմի ստեղծմանն աջակցում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, որի պատվիրակության կազմում էլ մեկնեցի Կանն: «Թևանիկ»-ը Առնոլդ Աղաբաբովի կինոսցենարն է, այժմ Կարինե Խոդիկյանի հետ աշխատում ենք սցենարի վրա, բերում ենք վերջնական տեսքի, որպեսզի ամռանը սկսենք նկարահանումները։
Կաննի կինոշուկայում ես փորձում էի հանդիպել մարդկանց հետ, քննարկել պրոյեկտը։ Կային նաև նախնական պայմանավորվածություններ, առանձին հանդիպումներ։ Արդյունքը զգալի էր. ես կարողացա գտնել աջակիցներ «Թևանիկ» ֆիլմի հետարտադրական աշխատանքների համար։ Սակայն պետք չէ առաջ ընկնել, ամեն ինչ պարզ կլինի նկարահանումն ավարտելուց հետո»,-Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ով կարծում է, որ Կաննի կինոշուկան այն եզակի վայրերից է, ուր կինոռեժիսորը կարող է գտնել այն, ինչ փնտրում է: Փառատոնի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները, շփումները զգալիորեն կարող են նպաստել ֆիլմի հետագա կյանքին։ Իրականում, քեզ այնտեղ չեն սպասում։ Շատ նամակներ են ուղարկվել, բազում առաջարկներ արվել, շատերին հրավիրել եմ ֆիլմի պրեզենտացիային։ Բայց միշտ չէ, որ հաջողվում է ամեն ինչ:
-Իսկ «Ընդհատված Մանկությո՞ւն»-ը։
«Ընդհատված Մանկություն» ֆիլմն ավարտված է: Պրեմիերան տեղի կունենա հունիսի 13-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հունիսի 20, 21, 22-ին այն կցուցադրվի Ստեփանակերտում: «Ընդհատված Մանկություն» ֆիլմն իրական պատմություն է: Պատմում է 1992 թվականի ապրիլի 10-ին, թե ինչպես են ադրբեջանցիները, նաև՝ ռուսական զորքերը, գրոհել Մարաղա գյուղը, սպանել, չարչարել և գերեվարել մարդկանց, այդ թվում՝ 6-ամյա Լենային, ով եղել է գերիների մեջ։ Այնուհետև Լենային բանտից տարել և հանձնել են Ֆաթիմա խալային։ 129 օր պահելուց հետո Ֆաթիման Լենային հանձնում է նրա ծնողներին։ Ֆաթիմայի նպատակը Լենային իր կորած զավակի հետ փոխանակելն է եղել, բայց նա, այնուամենայնիվ, չի կարողացել գտնել իր զավակին։
Այս պատմությունն իրական է, որի մասին ինձ պատմել է գեներալ-լեյտենանտ, այժմ՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ով էլ 1992 թվականին իրականացրել է Լենայի փոխանակումը: Հետո արդեն՝ տարիներ անց, նա ինձ ծանոթացրել է Լենայի հետ: Ես նրան առաջարկեցի նկարահանել ֆիլմ, Արթուր Աղաբեկյանը մեծ պատասխանատվությամբ ու սիրով համաձայնվեց ֆինանսավորել ֆիլմի աշխատանքները: Թե՛ ֆիլմի իրականացումը, և թե՛ 1992 թվականին աղջկա վերադարձը տուն հնարավոր եղավ հենց նրա շնորհիվ:
«Ընդհատված Մանկություն» ֆիլմը երկու թշնամի կանանց հարաբերությունների մասին է՝ ծեր կնոջ և պատերազմի դրոշմն իր աչքերում կրող փոքրիկ աղջնակի։ Լենան կրում է պատերազմի ողջ դժբախտությունն անգամ Ֆաթիմայի տանը։ Սա իրական պատմություն է, և շատ կարևոր է Ղարաբաղյան հերոսամարտի ընթացքում տեղի ուենցածը ճշմարտանման պատկերելը՝ ընկալելի նաև օտար հանդիսատեսի համար, ընկալելի յուրաքանչյուր մարդու համար։
«Ընդհատված Մանկություն» ֆիլմը կցուցադրվի նաև հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ընթացքում։
-Իսկ ինչո՞ւ եք ձեր ֆիլմերում հիմնականում պատմում Ղարաբաղի, Ղարաբաղյան հերոսամարտի մասին։
-Կարծում եմ՝ ցանկացած մարդ պետք է պատմի իր գյուղի մասին։ Ես պետք է պատմեմ մի բանի մասին, որն իմ երակների մեջ է, իմ ներաշխարհն է։ Ինձանից լավ դա ոչ ոք չի անի։ Ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ Ղարաբաղում՝ չհաշված վերջին ստեղծագործական տարիներս, երբ բնակվում եմ Երևանում։ Ես հիշում եմ ամեն ինչ՝ կապված Ղարաբաղի հետ, կապված այնտեղի՝ պատերազմի միջով անցած ժողովրդի ճակատագրի հետ։ Պետք է անկեղծ պատմվի իրական պատմությունը.... Ես ուզում եմ՝ օտար հանդիսատեսը տեղեկանա մի ժողովրդի պատմության, ճակատագրի մասին, թե ինչպես էր բազմահազար թշնամու դեմ պայքարում ինքնաշեն զենքով ոչ լիարժեք փորված խրամատի մեջ, ոչ լիարժեք զինտեխնիկայով։ Ինչո՞ւ այդ ամենը չպատմել մարդկանց:
-Երկու ֆիլմերի ընդհանուր կիզակետը ո՞րն է։
-Ղարաբաղում ապրող մարդը, երկու ֆիլմերն էլ պատմում են Ղարաբաղում ապրող մարդկանց մասին։ Իմ երկու ֆիլմերում էլ, չնայած դեպքերը ընթանում են պատերազմի ընթացքում, կիզակետում մարդն է՝ իր կյանքի դրամայով:
-Իսկ ծաղկուն Ղարաբաղ կտեսնե՞նք։
-Ես ունեմ նաև մի ֆիլմ Ղարաբաղի մասին՝ «Ղարաբաղ. Թաքնված Գանձ»-ը, որում պատերազմի մասին խոսք չկա։ Այն պատմում է դրախտային Ղարաբաղի մասին, որտեղ կարող է մարդն ապրել ու այդտեղից հաղորդակցվել Աստծո հետ:
Անպայման ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մարտիկ» հիմնադրամին՝ «Ընդհատված Մանկություն» ֆիլմի արտադրողին, ողջ ստեղծագործական խմբին, բոլոր աջակիցներին՝ ԼՂՀ կառավարությանը, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնին, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, «Մոսկվա» կինոթատրոնին և բոլոր այն անհատներին, ովքեր աջակցել են ինձ թե՛ նախորդ ֆիլմի, թե՛ հաջորդ ֆիլմի իրականացման աշխատանքներին:
Նելլի Ավետիսյան