«Ելք չկա» ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Կամո Ունանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ուրախությամբ նշեց, որ ֆիլմը բավականին մեծ հաջողություններ է ունեցել Կաննի կինոշուկայում, որտեղ հայկական մի շարք կինոնկարներ են ցուցադրվել այս տարի:

 

 

«Մեր ֆիլմը մի քանի հրավեր է ստացել տարբեր փառատոններից, որոնցից մեկն էլ Սալոնիկի միջազգային փառատոնն է, որը կկայանա նոյեմբերին: Նաև մասնակցության հրավեր ենք ստացել Մալագայի և Ռոտերդամի փառատոններից»,-նշեց Կամոն և հավելեց, որ սկսել են համագործակցել ռուսական “All media” ընկերության հետ, որը սեպտեմբերի 20-ից ՌԴ մի շարք քաղաքներում կցուցադրի «Ելք չկա» ֆիլմը: «Նախնական ցուցադրությունները պլանավորված են Մոսկվայում, Սանկտ Պետերբորգում, Կրասնոդարում, Սոչիում, Դոնի Ռոստովում և Վորոնեժում: Հատուկ այս քաղաքների ցուցադրության համար ֆիլմը թարգմանվել և դուբլյաժ է արվել ռուսերենով: “All media”-ն կզբաղվի նաև ՌԴ-ում, Ղազախստանում, Լիտվայում, գուցե նաև Իսպանիայում ֆիլմի տեսասկավառակների վաճառքով»,- ասաց դերասանը:

 

 

Կամոյից հետաքրքրվեցինք նաև, թե այժմ դիտելով ֆիլմն ինչ փոփոխություններ կաներ: «Թեպետ ֆիլմում շատ արյունոտ տեսարանները արդարցված են, այնուամենայնիվ կփոխեի դա»,- նշեց նա:

Խոսելով Կաննի փառատոնի մասին` Կամոն նշեց, որ «Ելք չկա»-ն դիտել են տարբեր ազգությունների ռեժիսորներ, կարծիքները եղել են դրական:

 

 

ESem.am-ի հարցին` Կամոն մտավախություն չունե՞ր համագործակցել ռեժիսոր Վահե Սայանի հետ, ում մասնագիտական փորձը սահմանափակվել է սերիալով: «Մենք ունեցել ենք կադր, որը նկարել ենք 121 դուբլից, թեպետ մենք ֆիլմը կարող էինք նկարել 2 շաբաթում` ծախսելով ավելի քիչ գումար: Ռեժիսորն ամեն ինչ անում էր որակյալ ֆիլմ ստանալու համար, բառի բուն իմաստով «քամում» էր դերասաններին»,- ասաց Կամոն և հավելեց, որ ինքն էլ է գնացել դերասանական դասերի: Ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանն էլ ավելացրեց, որ հաջողությունը պայմանավորված չէ միայն մեկով, որակը ապահովված է, երբ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը:

 

 

Սցենարիստն ասաց, որ  պետք է հաշվի առնել հայկական ֆիլմերի փոքր բյուջեն: ««Ելք չկա»-ի վրա ծախսվել է մոտ 160.000 ԱՄՆ դոլար: Հայաստանի պայմաններում դա ահռելի գումար է: Բյուջեի համեմատ որակն ավելի բարձր է»,- ESem.am-ին ասաց սցենարիստը: 


Նյութը և լուսանկարները` Տաթևիկ Մկրտչյանի